Առաջին օգնություն` մինչ բժիշկների ժամանումը. Երևանի փողոցներում հատուկ սարքեր են տեղադրվել

Երևանի քաղաքապետարանը, «Հենար» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել է դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիրը փողոցներում, այգիներում և բազմամարդ հանրային տարածքներում: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս սարքերը նախատեսված են սրտանոթային համակարգի անհետաձգելի խնդիր առաջանալու դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար և կարող են բառացիորեն փրկել կյանքեր՝ մինչև բժշկական խմբերի ժամանումը»,– նշել է Ավինյանը։
Նրա խոսքով` Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային և տեխնոլոգիական ինտեգրված լուծում։