Հետք․Բաժանորդի վնասը մատակարարի՞, թե սպառողի պատասխանատվությունն է․ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից դժգոհությունները շարունակվում են

«Հետքի» խմբագրությունը պարբերաբար նամակներ է ստանում ընթերցողներից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրանջատումների, ընկերության մատուցած ծառայություններից դժգոհությունների վերաբերյալ։ «Հետքը» մարտի 25-ին ներկայացրել էր մի պատմություն, երբ քաղաքացին դիմել էր «Վեոլիա Ջուր», ջրաչափը փոխելու պահին մասնագետները վնասել էին այն, բայց «Վեոլիա Ջուրը» տուգանել էր քաղաքացուն։
Հոդվածի հրապարակումից հետո սոցցանցերում և կայքում ընթերցողներն իրենց կարծիքն էին գրում։ 49 մեկնաբանությունից 40-ում ընթերցողները նշում էին, որ իրենց հետ նմանատիպ դեպք է տեղի ունեցել։ Մի քանի մեկնաբանություն ներկայացնում ենք ստորև՝
Էլեն. Իրենք եկել են, որ փոխեն, աշխատողը պոկել է պլոմբան ու գցել մայրիկիս վրա, 30 հազար դրամ տուգանել են ու ասել՝ կարող ես ամեն ամիս 1000 վճարել։ Ինչի՞ համար, իրենց անփութությա՞ն։
Գոգա Գալստյան. Այո, մեզ հետ նույնպես նմանատիպ բան են արել և այն էլ չեն նայել՝ ինչ հնարավորության տեր ենք, արդյոք կարող ենք վճարել այդ 122 000 դրամը, դա անմարդկային քայլ է, այս ընկերության աշխատանքը պետք է վերանայել։
Կարեն Ավագյան. Ցավոք, հաճախ պատահող դեպք է ու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է անդրադառնալ մոնոպոլիստի նման գործողություններին։ Որպես լրացում ՝ նմանատիպ խնդիրը ձեռնարկատերերի օբյեկտներում առաջացնում է 300 000 դրամը գերազանցող «տուգանք», իսկ փաստացի ՝ անաշխատ եկամուտ։ Ընդ որում, ջրաչափերի ծառայության ժամկետի սպառումից հետո դրանց փոխարինումը «Վեոլիան» չի շտապում կատարել։
Արմենուհի Աղաբաբյան. Նորմալ է, ինձ մոտ էլ վերանորոգման վարպետն էր վնասել ջրաչափը, դրած օրվանից երբեք ջրաչափին ձեռք չէինք տվել, միայն մաքրել էինք խոնավ շորով, բայց լաբորատորիան խախտում էր հայտնաբերել, դա իրենց աշխատաոճն է, թալանել ու թալանել։ Ոչինչ չեք կարող անել։ Մեզ էլ տուգանել էին 56 հազար դրամ։ Ոչ մի բացատրություն չեն ուզում լսել ու վերջ։ Եւ ստիպված, անտեղի կատարեցինք այդ մուծումը, հակառակ դեպքում ԴԱՀԿ էր գնալու պարտքը, անկապ քաշքշուկների մեջ էինք ընկնելու և արդյունքում ոչինչ չէինք շահելու։ Սա է ցավալի իրականությունը։
Արտակ Նորայր Շահբազյան. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանում պաշտպանում է խոշոր բիզնեսի շահերը: էդ հանձնաժողովը ստեղծվել է «ՀԷՑի», «Գազպրոմի», «Վեոլիայի», ապահովագրական ընկերությունների և այլ կազմակերպությունների անխափան թալանը ապահովելու համար:
Ջուլյա .Նույնը մեզ մոտ, զանգեցինք ասեցինք՝ եկեք կնիքը հեռացրեք, ջուրը տուն է լցվում, չեկան, ասեցին՝ դուք արեք վերջացրեք, մենք կգանք կտեղադրենք։ Արեցինք, եկան, պարզվեց՝ սխալ ենք հեռացրել, ինչ֊որ կնիք կար, որը պետք է ներսում լիներ, բայց դրսում է եղել, ոչ մասնագետ լինելով՝ դա էլ ենք հեռացրել, որի համար 50 000 դրամ տուգանեցին։ Արդեն մեկ տարի է, բայց չենք վճարելու, քանի որ մեղավորություն չունենք։
Փաստորեն, Լուսինե Թարախչյանը միակը չէ։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը բազմիցս տուգանել է քաղաքացիներին ջրաչափերը վնասելու համար։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ 499 դատական գործ կա։ Քաղաքացիները դատարանից պահանջում են ընկերությանը պարտավորեցնել՝ տուգանքի որոշումը չեղյալ համարել, չվճարված աշխատավարձը վճարել, վնասը փոխհատուցել, կազմված արձանագրությունն անվավեր ճանաչել:
Ըստ ընթերցողների՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտպանում է ոչ թե բաժանորդների, այլ «Վեոլիա Ջուր» ընկերության շահերը։
«Վեոլիա Ջուր»-ը «Հետքին» հայտնել է, որ ջրաչափերը վնասելու պատճառով ընկերության դեմ ներկայացվել է 74 դատական հայց, այս պահի դրությամբ ընթացքի մեջ է 44 հայց։ «Վեոլիա Ջուրը» հայտնում է նաև, որ բաժանորդի սեփականություն հանդիսացող Առեւտրային հաշվառքի սարքը (ջրաչափ խմբ.) պահպանում է իր կարգավիճակը` մինչեւ դրա փոխարինումը։ Մատակարարն իրավունք ունի փոխարինել բաժանորդի սեփականություն հանդիսացող առեւտրային հաշվառքի սարքն` իր հայեցողությամբ եւ իր հաշվին կամ ներդրումային ծրագրի շրջանակում։ 2017-2024թթ. ընթացքում բաժանորդների մոտ տեղադրվել եւ փոխարինվել է 485 566 ջրաչափ։
Ամբողջությամբ՝ hetq.am