Արթիկ համայնքն ունեցավ նորակառույց, բոլոր հարմարություններով և նոր գույքով համալրված ևս 1 մանկապարտեզ

Արթիկ համայնքն ունեցավ նորակառույց, բոլոր հարմարություններով և նոր գույքով համալրված ևս 1 մանկապարտեզ․ մեծ հանդիսությամբ բացվել է Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզը։

Բացման արարողությանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, Շիրակի մարզպետի և Արթիկի համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատուները, երեխաների ծնողները, գյուղի բնակիչները, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Այդ առիթով ներկաներին օրհնանքի և բարեմաղթանքների խոսքեր է հղել Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, շնորհավորանքի խոսքով են հանդես եկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։ Նորակառույց մանկապարտեզի բացման կապակցությամբ, շնորհավորելով ներկաներին, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը նշել է․«Հոռոմ գյուղի նորակառույց և նոր գույքով հագեցած մանկապարտեզն այս ամսվա մեջ հինգերորդն է, որ բացվում է Արթիկ համայնքում։ Մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման առումով կատարված աշխատանքներն Արթիկ համայնքում տեսանելի են բոլորին, քանզի հիմնանորոգումից և նոր գույքով համալրվելուց հետո բացվել են Արթիկ քաղաքի թիվ 1, թիվ 3, թիվ 4 և Լեռնակերտ գյուղի մանկապարտեզները, այսօր բացվեց Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզը, իսկ Նոր Կյանք գյուղի նորակառույց մանկապարտեզն էլ բացվելու է մոտ օրերս»։

Համայնքի ղեկավարը նաև հավելել է, որ ընթացքի մեջ են Արթիկ քաղաքի և Արևշատ գյուղի` 144 երեխայի համար նախատեսված մոդուլային տիպի մանկապարտեզների շենքերի շինարարական աշխատանքները։
Նշենք, որ Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, նախատեսված է 75 երեխայի համար, շենքը երկհարկանի է, ունի բոլոր հարմարությունները և անհրաժեշտ գույքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 190 միլիոն դրամ է կազմել։ Իսկ մանկապարտեզը գույքով ապահովելու համար Կառավարությունը հատկացրել շուրջ 18 միլիոն դրամ։
Աղբյուրը`www.artik.am