Վճարված հարկերը վերադարձվում են քաղաքացիներին՝ այս կամ այն ծառայության տեսքով. ՀՀ ֆինանսների նախարար

կամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկերն ավելացնելու նպատակ չունի, այն պետք է կառավարությանը թույլ տա տեղեկատվություն հավաքել և ավելի ճիշտ ձևով իրականացնել հարկային, ինչպես նաև սոցիալական քաղաքականությունը: Ինչ վերաբերում է հավաքագրվող հարկերին, ապա կառավարությունից վստահեցնում են, որ դրանք կամ սոցիալական ծառայության, կամ ենթակառուցվածքների զարգացման, կամ անվտանգային համակարգերի լավարկման տեսքով վերադարձնում են քաղաքացիներին:
«Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Շրջանառության հարկի համակարգից՝ հարկման ընդհանուր համակարգ. հարկերի բարձրացու՞ւմ, թե՞ նվազեցում
Ըստ նախարարի՝ կառավարությունը վերջին տարիների ընթացքում՝ 2018 թվականից ի վեր, հիմնականում նվազեցրել է հարկերը: «Մենք ոչ թե ավելացրել, այլ նվազեցրել ենք հարկերը: Դա վերաբերում է եկամտային հարկին, որը վճարում են բոլոր աշխատողները, վերաբերում է շահութահարկին, որ վճարում են ընդհանուր հարկման համակարգում գործող բոլոր տնտեսավարողները: Եվ սա հսկայական ազդեցություն է ունեցել տնտեսության վրա»,–նշեց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է տարբեր փոփոխություններին կամ վերջին շրջանում շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացման հետ կապված քննարկումներին, նախարարն ասաց, որ այդտեղ խնդիրը հարկային եկամուտների բարձրացումը չէ: «Կարգապահության և հարկային եկամուտների ավելացման նպատակ ունենք, իհարկե, բայց արդարության վերականգնման, տնտեսության բնականոն գործունեության մեջ հայտնվելու, արժեշղթաները, որոնք կտրված են, իրար միացնելու նպատակ ենք հետապնդում, որ մեր տնտեսավարողները կարողանան պատշաճ փաստաթղթավորում իրականացնել, և ստվերային տնտեսությունը գնալով կրճատվի: Բնականաբար, եթե մարդիկ երկար տարիներ առանց փաստաթղթերի, առանց ՀԴՄ կտրոն տպելու, առանց հարկեր վճարելու աշխատել են, հիմա իրենց համար շատ ցավոտ է, որ մենք տարբեր կողմերից սահմանափակում ենք այս հնարավորությունը, որովհետև սահմանում ենք ընդհանուր խաղի կանոններ բոլոր բիզնեսով զբաղվողների համար»,–ասաց Հովհաննիսյանը:
Նա շեշտեց՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելը պետք է լինի քաղաքակիրթ, բիզնեսով զբաղվող մարդիկ պետք է ժամանակ ծախսեն իրենց գիտելիքները և բիզնեսը վարելու հմտությունները բարելավելու ուղղությամբ: «Եվ, եթե իրենք մի քիչ դա անեն, ապա մեր իրականացրած փոփոխություններն իրենց համար որևէ բարդություն չեն ստեղծի: Ավելին՝ այս փոփոխությունների արդյունքում այդպիսի տնտեսավարողները նույնիսկ կարող են նվազեցնել վճարվող հարկերի ծավալը»,–ասաց նախարարը:
Նա նշեց՝ հարկերի բարձրացում տեղի է ունեցել միայն ակցիզային հարկի մասով:
Ամբողջությամբ՝ armenpress.am