Հետք․Արցախցիների համար Թուֆենկյան հիմնադրամը Սվարանց գյուղում նոր թաղամաս է կառուցում

«Ե՛կ Սվարանց, նոր կյանքդ սկսիր Սվարանցում՝ հին ավանդույթների և նոր հնարավորությունների գյուղում»,– այս գայթակղիչ նախաբանով Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի աշխատակիցները մարզից մարզ են գնում՝ 2023թ․ սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվածներին հանդիպելու և վերաբնակեցման իրենց ծրագիրը ներկայացնելու համար։
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Սյունիքի մարզի Սվարանց գյուղում նոր թաղամաս է կառուցում՝ արցախցի 20 ընտանիք վերաբնակեցնելու համար։ Տաթևի համայնքապետարանը թաղամասը կառուցելու համար մոտ 4 հեկտար հող է հատկացրել հիմնադրամին։ Առանձնատներից յուրաքանչյուրը 1000 քմ հողատարածք է զբաղեցնում, տները կառուցում են կոնստրուկցիաներով՝ բետոնի հետ համակցված, ջերմամեկուսացնելով։ Առաջին 10 տունը պատրաստ կլինի սեպտեմբեր ամսին։
Հիմնադրամը թաղամասը կառուցում է 2004թ.-ին Քաշաթաղում իր հիմնադրած Առաջամուղ գյուղի օրինակով՝ 3-4 սենյականոց առանձնատներ՝ կից հողամասով: Տները կունենան երեք (70 քմ) և չորս (94 քմ) ննջասենյակ, հյուրասենյակ, երկու սանհանգույց, նախասրահ, արևային ջրատաքացուցիչ և 24 քմ գոմ։ Հիմնադրամն ընտանիքներին գումար կտրամադրի՝ իրենց նախընտրությամբ կով, հավ, խոզ և այլ ընտանի կենդանիներ գնելու համար։ Ստանձնել են նաև տների կահավորումը, որի համար գումար կտրվի ընտանիքներին, նաև՝ նրանց տեղափոխումը նոր տուն։
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Գրիգոր Պետեանը Սյունիքն արցախցիներին վերաբնակեցնելու ամենահարմար վայրն է համարում։ Մարզի աշխարհագրական դիրքը, կլիման նման է Արցախին, բացի այդ, սյունեցիներն ու արցախցիները շատ մոտ են իրենց կենցաղով ու մշակույթով, այդ պատճառով ավելի լավ են ընկալում միմյանց, քան մյուս մարզերում։
Հիմնադրամի աշխատակիցները, 2023թ․ նոյեմբերից Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ, Տաթև և մյուս համայնքների գյուղերով անցնելով, արցախցիներին վերաբնակեցնելու իրենց ծրագրին հարմար բնակավայր են փնտրել։ «Փնտրում էինք գյուղ, որը դպրոց, խանութ, բուժկետ, եկեղեցի ունենա, ապահովված լինի ջրով, գազով և այլն»,– ասում է Գրիգոր Պետեանը։
Հիմնադրամի տնօրենը նկատել է, որ Մեղրիի գյուղերը շատ նման են Արցախի Մարտունու շրջանի գյուղերին, բայց ջուր չունեն։ Սյունիքի գյուղերի մեծ մասը նաև գազիֆիկացված չէ, փայտով են տաքացնում։ Ընտրություն կատարելիս արցախցիների նախապատվությունները նույնպես պետք է հաշվի առնեին՝ նրանք հիմա խուսափում են վերաբնակվել սահմանամերձ գյուղերում։
Տաթև համայնքի Սվարանց գյուղն են ընտրել, որը սահմանամերձ չէ և բավարար ենթակառուցվածքներ ունի՝ դպրոց, բուժկետ, գյուղը Տաթևի վանական համալիրի կողքին է։ Ունի 800 հեկտար արոտավայր, 130 հեկտար՝ վարելահող, ապահովված է ջրով։
«Մտածեցինք, որ զբոսաշրջության մեջ բնակչությանը ներգրավելու և դրա միջոցով նրանց տնտեսական վիճակը բարելավելու հնարավորություն կա այստեղ։ Հավանաբար, կցանկանան իրենց ապրանքը վաճառել զբոսաշրջիկներին և եկամուտ ստանալ»,– հայտնեց Գ․ Պետեանը։
Ամբողջությամբ՝ hetq.am