Հետք․ Կոռուպցիա՞, թե՞ կոնսորցիում․ ովքեր են Կասկադ համալիրի կառուցապատողները և ինչու է զոհաբերվում կանաչ տարածքը
Կասկադ համալիրի վերակառուցումն իրականացնող ընկերության՝ «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ի հետ կոնսորցիում կազմող ընկերություններից երկուսը բեռնափոխադրող օտարերկրյա ընկերություններ են, երրորդը Հայաստանում գրանցված նոր ընկերություն է։
Երևանի քաղաքապետարանը «Հետքին» հայտնել է, որ Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջի Թի Բի Դիվելոփմենթ», «Ռեալ Ջի», «Կարգո Սըլուշն բրոքերեյջ», «Կարգո Էքսպրես Ջորջիա» ՍՊԸ-ներից կազմված կոնսորցիումը, որի անունից հանդես է գալիս «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությունը:
«Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հունվարի 15-ի որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կողմից, որի նախագահը նույնպես Տիգրան Ավինյանն է։
«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ին արդեն անդրադարձել ենք։ Հիշեցնենք՝ այն հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին։ Դրա իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Վերջինս «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացված է Երևանի ավագանիում, 2023-ի ավագանու ընտրություններից հետո համագործակցության հուշագիր է ստորագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
«Ռեալ Ջի» ՍՊԸ-ն ևս Գրիգոր Տեր-Ղազարյանինն է։ Այն հիմնադրվել է 2025թ․ փետրվարի 4-ին։
Մյուս երկուսը բեռնափոխադրում իրականացնող ամերիկյան ընկերություններ են։ Առաջինը՝ «Կարգո Սըլուշն բրոքերեյջ»-ը (Cargo Solution Brokerage ), գրանցված է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆոնտանա քաղաքում։ Այն «Կարգո Սոլուշն էքսպրես» ընկերությունների խմբից է, որի գործադիր տնօրենը Գրիգոր Տեր-Ղազարյանի հնդիկ գործընկերն է՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը (Bobby Kang)։
«Կարգո Սըլուշն բրոքերեյջ»–ի կայքում նշված պաշտոնական մեյլին նամակ գրեցինք՝ խնդրելով մեկնաբանել իրենց ներկայացվածությունը և հետաքրքրությունը հայաստանյան այս նախագծում ներգրավվելու համար, ներդրումների չափը, իրենց սպասելիքները նախագծից։ Մեկ շաբաթ առաջ մեր ուղարկած նամակին դեռ պատասխան չենք ստացել։
Գրիգոր Տեր-Ղազարյանը, հիշեցնենք, մի շարք այլ բիզնեսներում է ներգրավված, հանրության ուշադրությանն արժանացավ Երասխում հիմնադրված, ապա Արարատ գյուղ տեղափոխված ամրանների գործարանի առնչությամբ։ Գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50 % մասնակցություն ունի։ Բաժնետոմսերի մնացած 50%-ը վերը հիշատակված ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։
Ամբողջությամբ՝ hetq.am