«Կանաչ» և բարձր արտադրողականությամբ ՓՄՁ-ները վարկ ստանալիս կունենան առավելություն․ ԿԲ նախագահ

«Կանաչ» և բարձր արտադրողականությամբ ՓՄՁ-ները վարկ ստանալիս կունենան առավելություն․ ԿԲ նախագահ

Շուրջ 300 մասնակից՝ բանկերից, մարզային իշխանություններից և մասնավոր հատվածից․ «Փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» խորագրով համաժողովի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում։ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը և միջազգային դոնոր կառույցները մարզ առ մարզ կուսումնասիրեն ոչ խոշոր չափի բիզնեսներին կայուն ֆինանսավորում տրամադրելու հարցերը։

Վարդեր նվիրելը Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի հարևանությամբ գործող ջերմոցային բիզնեսի շարժիչ ուժն է 2017 թ.-ից։  Այս տնտեսվարողի համար արտահանման գլխավոր ուղղություններն են Ռուսաստանը և Ղազախստանը։ «Դոլոմիտի» ընկերության համահիմնադիր Համազասպ Մելքումյանն է պատմում։

«Սկսել ենք զրոյական կետից՝ կենցաղային կարիքների համար կառուցված ջերմոցում, և ժամանակի ընթացքում մեր աշխատանքի շնորհիվ զարգացրել ենք մինչև մոտ 10 հա ջերմոց։ Այժմ տարեկան արտադրում ենք ավելի քան 5 մլն ծաղիկ»։

Վարկ վերցնելը ռիսկի հարց էր․ վարդերի բիզնեսի համար, այսպես ասած, հակացուցված են երկրից երկիր բեռնափոխադրումային խցանումները։ Սակայն 5-րդ սերնդի նոր ջերմոցի կառուցումն առանց առևտրային բանկից միջոցներ ստանալու չէր հաջողվի՝ Արագածոտնի մարզում կազմակերպված «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է ջերմոցային տնտեսության համահիմնադիրը։ Նա փոքր ու միջին բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որոնց ֆինանսավորման աղբյուրներից մեկը 1998 թ. Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների փոխհամաձայնությամբ ձևավորված Գերմանահայկական հիմնադրամն է։ Կառույցի հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է, որը ֆինանսական միջազգային հաստատություններից ներգրավվող վարկային միջոցներն ուղղում է իրական տնտեսություն։

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյան. «Սկզբից վերցնում էինք KfW-ից, հիմա նաև` այլ գործընկերներից։ Վարկերը վերցնում ենք արտարժույթով, բայց հայկական բանկերին տրամադրում դրամով․ ծրագրերի շրջանակում միջոցները տրամադրում են իրենց գործընկեր ոչ ֆինանսական կառույցներին»։

Գերմանահայկական հիմնադրամի պատմության ընթացքում մոտ 980 մլրդ դրամի վարկ է տրամադրվել:  Կենտրոնական բանկի նախագահը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում գնահատում է իրավիճակը՝ նկատելով, որ վարկերը չվերադարձվելու ցուցանիշը գրեթե զրոյական է։

«Այսինքն՝ ֆինանսական կազմակերպությունները շատ մեծ ուշադրություն են դարձնում վարկերի որակին։ Այսինքն՝ ո՞ւմ են տալիս, ի՞նչ պայմաններով»։

Գերփոքր բիզնեսները հետաքրքրո՞ւմ են վարկավորողներին․ ֆինանսական կարգավորիչ մարմնի ղեկավարն այս հարցին պատասխանում է․

«Կոնկրետ թիրախավորում չէ․ Գերմանահայկական հիմնադրամն ունի վարկային պրոդուկտներ, որոնք հասանելի են նաև «գերփոքրին»՝ կանաչ ֆինանսավորում, էներգախնայողության հետ կապված վարկեր։ Մենք այժմ փորձելու ենք նաև Գերմանահայկական հիմնադրամի մոտեցումներում որոշակի փոփոխություն անել և արտադրողականության տարրն առավել շեշտադրել»։

Միջազգային դոնոր կառույցներից, օրինակ, գերմանական KfW բանկը, միջոցներից զատ, տրամադրում է նաև խորհրդատուներ, ինչից հետո հայաստանյան բանկերը սկսում են միջոցների բաշխումը։

Փոքր ու միջին բիզնեսին ֆինանսավորման մեխանիզմներին և ուղղություններին նվիրված համաժողովը Հայաստանի բանկերի միությունը Արագածոտնից հետո կկազմակերպի նաև այլ մարզերում։ Միության նախագահ Դանիել Ազատյանի խոսքով՝ ՓՄՁ-ների հիմնական խնդիրներից են տնտեսության կտրուկ և անսպասելի փոփոխությունները, որոնք տեխնոլոգիական նոր գիտելիքներ ու կառավարման նոր հմտություններ են պահանջում։ Բիզնեսի շնորհիվ հիմնադրամի միջոցներն իրացնելը ձեռնտու է բոլոր կողմերի համար։ Դանիել Ազատյան։

«Դա ձեռնտու է թե՛ բիզնեսի համար, որ կառավարման հմտությունները փոխվեն, թե՛ ֆինանսավորողների։ Այս հարցում շատ որւշադիր են նաև միջազգային դոնոր կառույցները, և շատ հաճախ ֆինանսական միջոցների «Նպատակներ» հատվածում գրվում է՝ կառավարման փոփոխություններ կատարած ընկերությունների համար են այդ միջոցները, և մեր նպատակը դրա մասին խոսելն է»։

Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի տրամադրած վարկային միջոցների ընդհանուր ծավալն այս պահին 6.4 տրլն դրամ է։ Դրա մոտ կեսը՝ 3,1 տրլն դրամը, բիզնեսին տրված վարկերն են։ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյան։

«Այդ 3,1 տրլն-ի ուղիղ կեսը՝ 1,6 տրլն դրամը, տրամադրվել է փոքր ու միջին ձեռնարկություններին։ Ամբողջ վարկային պորտֆելի մոտ 25 տոկոսը, որը, մեր կարծիքով, վատ ցուցանիշ չէ, բայց ինչքան այդ ցուցանիշը բարձր լինի, ՓՄՁ-ները շատ լինեն, և իրենց հնարավորություններն ավելի մեծ լինեն, դա բոլոր կողմերի համար ձեռնտու կլինի»։

Հայաստանի բանկերի միության նախագահը վարկ ստացած ՓՄՁ-ներից առանձնակիորեն կարևորում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Ազատյանն ակնկալում է, որ գյուղատնտեսության ու մյուս ոլորտների բիզնեսներն անցնեն կառավարման նոր տեխնոլոգիաների։ Սա, ասում է, բացի զուտ ֆինանսական ցուցանիշ լինելուց՝ արդյունավետության բարձրացման միջոց է։

Աղբյուրը՝ hy.armradio.am