Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինքի 25-րդ համաժողովը

Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինքի 25-րդ համաժողովը
Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինքի 25-րդ համաժողովը, որին մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ու ԱՍՀՆ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը։
«Մանկության պաշտպանություն, ապագայի ձևավորում. երեխաների թրաֆիքինգի դադարեցման կոչ» խորագիրը կրող համաժողովին ներկա են եղել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու երեխաների իրավունքների պաշտպանության ու երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, առկա մարտահրավերներն ու դրանց լուծման տարբերակները։
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Տաթևիկ Ստեփանյանը՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը՝ երեխաների իրավունքների պաշտպանության և թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղություններով։ Այս համատեքստում նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտային քաղաքականությունը, մանրամասնել բազմաբնույթ համագործակցությամբ իրականացվող միջոցառումներն ու երեխաների պաշտպանության ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները։
Անդրադառնալով Հայաստանում շարունակաբար բարելավվող երեխայի և ընտանիքի աջակցությանն ուղղված համայնքահեն ծառայություններին՝ Տաթևիկ Ստեփանյանը խոսել է այլնըտրանքային խնամքի, մասնավորապես՝ խնամատարության ինստիտուտի զարգացման, թրաֆիքինգի զոհ դարձած երեխաներին տրամադրվող աջակցության ծրագրերի, սոցիալական և իրավապահ մարմինների աշխատողների համար պարբերաբար իրականացվող մասնագիտացված դասընթացների, ինչպես նաև` Բարնահուս մոդելի ներդրման մասին։