Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի և գործողությունների պլանի կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի և գործողությունների պլանի կատարման ընթացքը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է այն երեք հիմնական առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ այդ առաջնահերթություններն են՝ կրթության հասանելիությունը՝ ենթակառուցվածքների զարգացման և բովանդակության բարելավման շեշտադրմամբ, կրթության արդյունավետության բարձրացումը, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումը: Նախարարի ներկայացմամբ՝ թվային տվյալներով, խոսքը 101 միջոցառման մասին է:
Զեկուցվել է, որ նախադպրոցական կրթության հասանելիության շրջանակում նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը 229-ից կրճատվել է 162-ի, մսուր մանկապարտեզների հասանելիության ապահովման շրջանակում նախատեսվում է 2025-2026 թվականներին 0-2 տարեկան 195 երեխաների համար նախադպրոցական կրթության կազմակերպման պիլոտային ծրագիր 10 հաստատությունում (Երևան, Գյումրի, Վանաձոր և Հրազդան քաղաքներ), բարելավվել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում՝ հասնելով 75%-ի: ԿԳՄՍ նախարարը զեկուցել է, որ 500 մանկապարտեզի ծրագրի շրջանակում այս պահին ավարտված է 195-ը, ընթացքում է 136-ը, նախապատրաստական փուլում է 64-ը: Նշվել է, որ պետության աջակցությամբ ապահովվել է նաև սոցիալական որոշ խմբերի երեխաների նախադպրոցական կրթությունը:
Աղբյուրը՝ primeminister.am