Արմավիրի մարզպետի աշխատակազմում ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները խորհրդակցություն են անցկացրել

Արմավիրի մարզպետի աշխատակազմում Մարտի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները խորհրդակցություն են անցկացրել՝ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» թեմայով, որին մասնակցել են Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները և համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական հողերի արդյունավետ մշակման, գյուղատնտեսական ապահովագրության ոլորտում առաջացած խնդիրների և ձևավորված իրավիճակի, ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր։
Ներկայացվել է, որ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:
Հավելենք, որ 2025 թ․ հաստատված գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի շրջանակում այս տարի կապահովագրվի 13 մշակաբույս (խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ) 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ: Նախատեսվում է սուբսիդավորել ապահովագրավճարի 70-80%-ը, նախկինում գործող 50-60%-ի փոխարեն։
Ծրագրին մասնակցում են 3 ապահովագրական ընկերություններ՝ Ինգո Արմենիա, Լիգա Ինշուրանս, Սիլ Ինշուրանս: