Հետք. «Հաղարծին էքստրիմ» զիփլայնը շահագործվել է առանց փորձաքննությունների

Հետք. «Հաղարծին էքստրիմ» զիփլայնը շահագործվել է առանց փորձաքննությունների

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում՝ Հաղարծին վանական համալիրից 257 մ հեռավորության վրա կառուցված ճոպանը (զիփլայնը) 2023 թվականից գործել է՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության և տեխնիկական անվտանգության փորձաքննության վկայագրի։ ՇՄԱԳ փորձաքննության այն ներկայացվել է 2025թ․ փետրվարի 20-ին։ Շահագործող ընկերությունը ժխտում է, թե ճոպանը գործել է նախկինում՝ ամեն կերպ քողարկելով այդ փաստը։ 

Ինչ են պատմում զիփլայնի մասին սոցիալական ցանցերը

«Հաղարծին էքստրիմ»-ի՝ ՇՄԱԳ հայտում նշված վայրում Google-ի քարտեզում արդեն իսկ նշված է «Զիփլայնը», իսկ այն սեղմելիս տեսնում ենք 2023թ․ Սևակ Թամրազյանի ներբեռնած լուսանկարները։ 

Բացի այդ, «Հաղարծին էքստրիմ»-ի անունով սոցիալական ցանցերում էջեր կան, որտեղ տարածված են տեսահոլովակներ և լուսանկարներ։ Օրինակ՝ ինստագրամյան էջում 2023 թ. հուլիսի 5-ին հրապարակում է արվել այն մասին, որ ճոպանն արդեն բացվել է, և ընդունվում են գրանցումներ։ Իսկ տիկտոկյան էջում կարող ենք տեսնել տեսահոլովակներ, թե ինչպես են մարդիկ օգտվում զիփլայնից։ 

«Հաղարծին էքստրիմ» ՍՊԸ-ի տնօրեն Սևակ Թամրազյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ճոպանը չի գործում։ Ասաց՝ ինստագրամյան էջի մասին տեղյակ չէ։ «Ես երբվանից որ տնօրինում եմ այս ընկերությունը, մինչ օրս ոչ մի րոպե չի շահագործվել»,- նշեց Սևակ Թամրազյանը։  

ՇՄԱԳ՝ գործող ճոպանի համար

Համաձայն ՇՄԱԳ հայտի՝ զիփլայնը պետք է ունենա 4 թռիչքակետ՝ երկու ուղղությամբ: Այն աշխատելու է մեխանիկական ինքնահոս՝ իներցիոն եղանակով, առանց հոսանքի, ունենալու է 200-300մ բարձրություն, իսկ տարածքից 327-402մ հեռավորությունների վրա հանգստի գոտիներ են նախատեսվում։ Հարակից տարածքն անտառապատ է՝ բուսածածկով։ Գործունեության տարածքը կառուցապատված է, դեռևս խորհրդային տարիներից տարածքում տեղադրված են հենասյուներ և ճոպանուղու կայաններ։ Ընկերությունը, ըստ հայտի, վերակառուցելու է զիփլայնը և շահագործելու:

«Բացումը չենք կարող պլանավորել, քանի որ դեռ թղթաբանության ընթացք է գնում, հետո շինարարական աշխատանքներ կլինեն ահագին։ Ես չեմ կարող հիմա հստակ բան ասել բացման հետ կապված»,- ասում է «Հաղարծին էքստրիմ»-ի տնօրեն և ներկայիս բաժնետեր Սևակ Թամրազյանը։ 

Բացի ՇՄԱԳ փորձաքննությունից, զիփլայնը պետք է անցներ տեխնիկական անվտանգության փորձաքննություն՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան և ստանար համապատասխան վկայագիր։ Այս վկայագիրը «Հաղարծին էքստրիմ»-ին տրամադրվել է 2024-ի հունիսի 17-ին։ Փաստացի, 2023 թ. զիփլայնը շահագործվել է առանց նշված վկայագրի։ 

Նյութն ամբողջությամբ՝ hetq.am