Ի՞նչ գործիքներ են կիրառվում ԵԱՏՄ ներքին շուկան ներմուծման բացասական ազդեցությունից պաշտպանելու համար

ԵԱՏՄ ներքին շուկան երրորդ երկրներից ներմուծման բացասական ազդեցությունից (աճած, դեմպինգային և սուբսիդավորվող ներմուծում) պաշտպանելու համար կիրառվում են նպատակային հակազդման գործիքներ՝ հատուկ պաշտպանական, հակադեմպինգային և փոխհատուցման միջոցներ։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան նշել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայից՝ մանրամասնելով, որ 2015 թվականից՝ ԵԱՏՄ պայմանագրի ուժի մեջ մտնելուց ի վեր (մինչև 2025 թվականի փետրվար), ներդրվել է 24 հակադեմպինգային միջոց։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ միջոցառումները նպատակ ունեն պաշտպանելու ԵԱՏՄ-ի տարբեր արդյունաբերական ոլորտները, այդ թվում՝ ա) մետալուրգիական (խողովակներ, մետաղաձողեր, էլեկտրոդներ, պողպատե անկյունակներ, թերթային ռեսսորներ, ալյումինե ժապավեն և այլն), բ) քիմիական (պոլիէթիլեն, մելամին և այլն), գ) ավտոմոբիլային և մեքենաշինության (բուլդոզերներ, բեռնատարների անվադողեր), դ) լայն սպառման ապրանքներ (խոհանոցային և ճաշասեղանի պարագաներ, ալյումինե սպասք)։
Հայաստանում գործող հակադեմպինգային միջոցառումների հիմնական շահառուներն այն ընկերություններն են, որոնք զբաղվում են ալյումինե ժապավենի, դրոշմված և ձուլած ալյումինե սպասքի արտադրությամբ։
«Հակադեմպինգային միջոցների կիրառումը ոչ միայն ապահովում է ԵԱՏՄ ներքին շուկայում մրցակցային հավասար պայմաններ, այլև նպաստում է արտադրական ու ֆինանսական դիրքերի բարելավմանը։ Դրանք հնարավորություն են տալիս ա) բարձրացնել գործարանների արտադրական հզորությունների ծանրաբեռնվածությունը, բ)պահպանել աշխատատեղերը, գ) ներգրավել նոր ներդրումներ, դ) խթանել ԵԱՏՄ արդյունաբերական ճյուղերի համագործակցային կապերի զարգացումը։
Ներկայումս ընթանում են ևս 4 հակադեմպինգային հետաքննություններ, այդ թվում՝ Չինաստանից ներմուծվող ալյումինե փայլաթիթեղի վերաբերյալ նոր քննություն»,- նշված է պաշտոնական մեկնաբանության մեջ։
ԵԱՏՄ-ի առևտրի պաշտպանության համակարգը դրսևորում է ճկունություն և ունակություն՝ արագորեն հարմարվելու փոփոխվող պայմաններին։ Դեմպինգային ներմուծմանը դիմակայելու գործընթացում ոչ միայն կարևոր է նոր պաշտպանական միջոցների ժամանակին ներդրումը, այլև դրանց արդյունավետ կիրառումը՝ առկա իրողություններին համարժեք արձագանքելու համար։
Տարեցտարի ԵԱՏՄ իրավական շրջանակը ընդլայնվում է՝ թույլ տալով վերանայել արդեն գործող հակադեմպինգային միջոցները։
Անդրադառնալով հակադեմպինգային միջոցառումների շրջանցման մարտահրավերին՝ ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայից նշել են, որ այդ գործողությունների կանխարգելումն ընկած է ԵԱՏՄ-ի վերահսկողական մարմինների պարտականությունների շրջանակում։
«Օրինակ, Չինաստանից ներմուծվող սառը դեֆորմացված անկար խողովակների վերաբերյալ կրկնակի հետաքննության ընթացքում պարզվել է, որ մատակարարումները իրականացվել են Մալայզիայի տարածքով՝ շրջանցելով սահմանված միջոցները, ինչի արդյունքում հակադեմպինգային միջոցառման ազդեցությունը տարածվել է նաև Մալայզիայից ներմուծման վրա։ Նմանատիպ դեպք է գրանցվել Չինաստանից բեռնատարների անվադողերի ներմուծման հետ կապված, երբ պարզվել է, որ դրանք ներմուծվում են ամբողջական անիվների տեսքով՝ շրջանցելով գործող արգելքները։ Այդ հիմքով հակադեմպինգային միջոցները տարածվել են նաև ամբողջական անիվների (շարժակազմերի) վրա։ Շրջանցման մեկ այլ մեթոդ է ապրանքի մատակարարման վերաուղղորդումը դեպի ԵԱՏՄ՝ նմանատիպ ապրանքային խմբերով, որոնք սկզբնապես չեն ներառվել հակադեմպինգային միջոցների ցանկում։ Այսպիսի դեպք է գրանցվել Ադրբեջանից ալյումինե ժապավենի ներմուծման հետ կապված, ինչը հետաքննությունից հետո շտկվել է՝ ընդլայնելով հակադեմպինգային միջոցի տարածումը տվյալ ապրանքային կոդերի վրա»,- հայտնել են գերատեսչությունից։