Վարչական իրավախախտումների համար տուգանային միավորների խստացումը կընդգծի պետության հասցեական մոտեցումը. Արմեն Խաչատրյան

Վարչական իրավախախտումների համար տուգանային միավորների խստացումը կընդգծի պետության հասցեական մոտեցումը. Արմեն Խաչատրյան

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր: Շատ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղեւորափոխադրմամբ եւ բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ մարտի 4-ի հերթական նիստում:

Ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2020 թվականից մինչեւ 2024 թվականի մայիսի 31-ը 14.365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ:

Առաջարկվող փոփոխությամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացվում է 13 միավոր: Մանրամասն ներկայացելով առաջարկվող փոփոխությունները՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ վարորդին մեկ տարի ժամկետով տրվող միավորների ավելացումը կթեթեւացնի վարորդների սոցիալական բեռը:

Հիմնական զեկուցողի խոսքով իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերը համարժեք չեն դրանց հանրային վնասակարությանը: Ըստ նրա՝ տուգանային միավորի առաջարկվող խստացումները վերաբերում են այնպիսի վարչական իրավախախտումների, որոնց պարագայում իրավախախտման կատարումն ակնհայտորեն չունի սոցիալական համատեքստ, այլ՝ պայմանավորված է մարգինալ վարքագծի շարժառիթներով: Վարչական իրավախախտումների համար տուգանային միավորների խստացումը կընդգծի պետության հասցեական մոտեցումը, կկանխի ռիսկերը, կնպաստի տուգանային միավորների նպատակային կիրառմանը, որը կհանգեցնի ճանապարհային պատահարների նվազման:

Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին հաշվառվել է 4814 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել՝ 6116-ը:

Նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 1-ից:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտմանը, ամրագոտիները չամրակապելու, հեռախոսից օգտվելու, բաժանարար գոտին հատելու, հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու, ոչ սթափ վիճակում վարելու դեպքերում սահմանվող տուգանքներին:

Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Հարակից զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը՝ նշելով, որ նախաձեռնությունը ծնվել է պետություն-քաղաքացի երկխոսության արդյունքում: Նախագիծը մշակելու ընթացքում  նախարարությունը սերտ համագործակցել է օրենսդիր մարմնի գործընկերների հետ:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթում նշել է, որ օրենսդրական նախաձեռնության գաղափարն առաջացել է վարորդների խնդրանքով: ԱԺ նախագահի խոսքով ազդանշանների հարցը եւս պետք է կանոնակարգվի՝ առաջարկելով խստացնել եւ համակարգված լուծում տալ:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են նախագծի ընդունումը` ընդգծելով, որ ոլորտն ուսումնասիրելու եւ համակարգված լուծում տալու անհրաժեշտություն կա:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին, դիտարկումներին: Նա նշել է, որ տեսահսկման համակարգի զարգացումը բավականաչափ կօգնի տվյալները հավաքագրելու հարցում: