Հավանություն տրվեց Ռուս-հայկական համալսարանի մասին համաձայնագրի վավերացմանը

Հավանություն տրվեց Ռուս-հայկական համալսարանի մասին համաձայնագրի վավերացմանը
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրի վավերացմանը. այն ստորագրվել է 2024 թ. դեկտեմբերի 20–ին Մոսկվայում:
Դրանում առավել հստակ ձևակերպվել են համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրություններին համապատասխան:
«Լավագույն փորձի ներդրման, ինչպես նաև արդյունավետ ազգամիջյան երկխոսության և փոխգործակցության զարգացման նպատակով համաձայնագրում ներառվել է դրույթ համալսարանի հիմքի վրա Հայաստանի, Ռուսաստանի և այլ պետությունների կրթական և (կամ) գիտական կազմակերպությունների ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման հնարավորության մասին»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Համաձայնագրով նախատեսվում է նաև հստակ մեխանիզմ Ռուսաստանի բյուջեի հատկացումների հաշվին ուսման ընդունվելու համար տեղերի քանակի հատկացման համար։
 
Համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարանի քննարկմանը, ապա` Ազգային ժողով։