Հայաստանի ֆոնդային բորսան Global Banking & Finance Awards-ի կողմից արժանացել է երկու հեղինակավոր մրցանակների

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) հպարտությամբ հայտարարում է, որ ճանաչվել է «Լավագույն ֆոնդային բորսա Հարավային Կովկասում 2025» և «Ամենաարագ աճող ֆոնդային բորսա Հարավային Կովկասում 2025»՝ ըստ Global Banking & Finance Awards հեղինակավոր ամսագրի։
Այս մրցանակները կարևորում են AMX-ի առաջատար դերը տարածաշրջանի ֆինանսական շուկայում, ինչես նաև բորսայի շարունակական զարգացմանն ու նորարարություններին միտված ջանքերը: «Լավագույն ֆոնդային բորսա Հարավային Կովկասում» մրցանակը հաստատում է AMX-ի կայուն գործունեությունը, ներդրողների վստահությունը և կապիտալի շուկայի հասանելիության բարելավմանն ուղղված քայլերը, մինչդեռ «Ամենաարագ աճող ֆոնդային բորսա» կոչումը շեշտադրում է AMX-ի զարգացման դինամիկան, նոր ֆինանսական գործիքների ներդրումը բորսայում և այդպիսով լայն հնարավորությունների ընձեռումը ներդրողներին և թողարկողներին:
2024 թվականին AMX-ն արձանագրել է շուկայի զգալի աճ։ Նախորդ տարում ընդհանուր շուկայական արժեքը հասել է 4.1 տրիլիոն ՀՀ դրամի, իսկ բոլոր շուկաներում արձանագրվել է առևտրի ծավալների և կնքված գործարքների թվի աճ։ Այս հաջողություններին նպաստել են արտարժույթի առևտրային հարթակի վերագործարկումը և նոր թվային ներդրումային լուծումների ներդրումը։
Global Banking & Finance Review-ը Մեծ Բրիտանիայում հիմնադրված հեղինակավոր օնլայն և տպագիր ամսագիր է, որը տրամադրում է անկախ վերլուծություններ ֆինանսական ոլորտի արդի թեմաների վերաբերյալ։ Հաղթողների ընտրությունն իրականացվում է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև Global Banking & Finance Review-ի խմբագրական խորհրդի և ղեկավարների կողմից կատարված ուսումնասիրությունների հիման վրա։
AMX-ը շարունակելու է կապիտալի շուկայի հասանելիության ընդլայնումը, տարածաշրջանային ֆինանսական համագործակցության ամրապնդումը և նորարարական առևտրային լուծումների ներդրումը՝ նպաստելով Հայաստանի կապիտալի շուկայի հետագա զարգացմանը։