Քննարկվել են համայնքային զարգացմանը վերաբերող հարցեր

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Նորարարության և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ֆինանսների պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանին, ԿԶՆ կենտրոնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին, ՄԱԶԾ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի համակարգող Քրիստ Մարուքյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ԵՄ-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերի ընթացքին առնչվող հարցեր, վերահաստատվել են ծրագրի հաջորդ փուլում համագործակցելու երկուստեք հանձնառությունը:
«Այն բոլոր փոփոխությունները, որոնք ուղղված են համայնքների հզորացմանն ու նորարարական գաղափարների գեներացմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ենթակառուցվածքներ զարգացնել և նպաստել մշակութային զբոսաշրջության զարգացմանը, որը կարծես թե թիրախային ուղղություն է լինելու ձեր ծրագրում, խիստ ողջունելի է։ Ինձ համար այս հանդիպումն արդյունավետների շարքին է դասվում, քանի որ խոսելու ենք տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացման և տեղական նախաձեռնությունների ֆինանսավորման միջոցով տեղական տնտեսական զարգացման մասին»,- նշել է մարզպետը՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Համայնքային վերափոխումների պորտֆելի» հայտերի ներկայացման մրցույթին, որտեղ հաղթող են ճանաչվել Գյումրի և Կապան համայնքները, ինչպես նաև ծրագրի ներկա փուլում Շիրակի մարզի նոր համայնքների ներգրավմանն ու կարողությունների զարգացման հնարավորություններին։