Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները

Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Քննչական կոմիտեի 2024 թվականի աշխատանքները: Նիստում զեկույցով հանդես են եկել Կոլեգիայի անդամները, ինչպես նաև առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանն անդրադառնալով Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության կատարած աշխատանքին՝ նշել է, որ 2024 թվականի ընթացքում քննվել է 2,553 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3075), որից 73 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկող դատախազին: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 75 քրեական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 29 մլրդ 230 մլն 736 հզր 559 ՀՀ դրամ (2023 թվականին՝ 27 մլրդ 785 մլն 154 հզր 170 ՀՀ դրամ), դրական տարբերությունը կազմել է 1 մլրդ 445 մլն 582 հզր 389 ՀՀ դրամ կամ 5,2%:

 Հայտնում են Քննչական Կոմիտեից։