Ժամանակակից ջերմոցները ուշադրության կենտրոնում

Պետությունն աջակցում է խոշոր ջերմոցային տնտեսությունների հիմնմանը: Փետրվարի 6-ին կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ժամանակակից տեխնոլոգիաներով խոշոր ջերմատներ հիմնելու համար կտրվի մինչև 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ:
«2019-2024 թվականներին ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագրերի շրջանակում հաստատվել է 56 հեկտար ջերմատուն հիմնելու հայտ, որից միայն ՀՀ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում 2024 թվականին՝ 15,3 հեկտար: Ծրագրի թիրախային ցուցանիշ է սահմանված մինչև 2026 թվականի ավարտը՝ 35 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների հիմնում»,- ասել էր նախարարը:
Տրամադրվող աջակցությունը կնպաստի շուրջ 4-5 հեկտար տարածքով ջերմատների հիմնմանը, քանի որ տրամադրվում է առավելագույնը 3 մլրդ դրամի վարկ: Ըստ Գևորգ Պապոյանի՝ ավելի խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնող շահառուների համար գործող աջակցության գործիքը հնարավորություններ չի ընձեռում:
«Նախագծով հնարավորություն է ստեղծվում խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել, դրա համար տրամադրել շահառուներին մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ, որը հնարավորություն է տալու 1 շահառուի համար հիմնելու մինչև 20 հեկտար տարածքով ջեմատուն: Նախարարությունն այս պահին նման հայտեր ունի: Ընդ որում՝ տրամադրված վարկի մինչև 3 մլրդ դրամ մասնաբաժինը կսուբսիդավորվի գործող 10 տոկոսային կետով, 3-9 մլրդ դրամի մասնաբաժինը՝ 9 տոկոսային կետով, 9-15 մլրդ դրամի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով»,- ներկայացրել էր գյուղոլորտի պատասխանատուն՝ նշելով, որ նախագծի ընդունումը կխթանի խոշոր ջերմատնային տնտեսությունների կառուցումը։
Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ՝ ոլորտում կատարվող ներդրումներն արդյունք տալիս են: Որպես ապացույց Պապոյանը վկայակոչեց արտադրության և արտահանման ինչպես ինքը ձևակերպեց բարձր տվյալները:
2023-ին արտահանվել է 40 մլն հատ ծաղիկ, 2024-ին՝ 55 մլն հատ
Պետեկամուտների կոմիտեից ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2023 թվականին արտահանվել է շուրջ 74,4 միլիոն դոլարի ջերմատնային արտադրանք, 2024 թվականին՝ արդեն 118,5 միլիոն դոլարի արտադրանք։
Իսկ ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2023 թվականին 1167 հեկտար ջերմատնից և ջերմոցներից հավաքվել է շուրջ 96 հազար տոննա բանջարեղեն, 45 հեկտարից՝ 2,2 տոննա հատապտուղ և 190 հեկտարից՝ մոտ 101 միլիոն հատ ծաղիկ: Մասնավորապես՝ 40 մլն հատ և 1,8 հազար տոննա ծաղիկ է արտահանվել 2023-ին, իսկ 2024 թվականին 55 մլն հատ և 2,1 հազար տոննա: 30 հազար տոննա բանջարեղեն արտահանվել է 2023-ին, արդեն 2024-ին՝ 40 հազար տոննա բանջարեղեն: Եթե 2023-ին 2000 տոննա հատապտուղ էր արտահանվել, ապա 2024-ին՝ 2,2 հազար տոննա:
ՌԴ-ի հույսին են, Եվրոպա տանել չեն կարող Արարատի մարզի Մխչյան համայնքի ֆերմեր Արտյոմ Հովհաննիսյանն արդեն 10 տարի է՝ հոլանդական վարդեր է աճեցնում։ Նա 6000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող խելացի ջերմատնից ձմռան շրջանում շաբաթական 10 հազար հատ վարդ է հավաքում, 90 տոկոսը վաճառվում է Ռուսաստանում։
Սննդամթերքի անվտանգության տեսաչական մարմնի փոխանցած տվյալներով էլ վերջին 5 տարվա ընթացքում զգալի ավելացել են Հայաստանից Ռուսաստան ծաղկի արտահանման ծավալները։ Եթե 2023 թվականին մեր երկրից Ռուսաստան շուրջ 17 մլն հատ ծաղիկ է արտահանվել, ապա նախորդ տարի այդ թիվը շուրջ 64 միլիոնի է հասել։ Համեմատության համար նշենք, որ 2023-ին մեր երկրից մոտ 27 հազար հատ ծաղիկ է արտահանվել ԵՄ երկրներ, իսկ անցած տարի ընդամենը 4 հազար։ Միաժամանակ, Հայաստանից ծաղկի արտահանման ծավալներն ավելացել են այլ երկրների ուղղությամբ, 2023 թվականի 1 մլն 57 հազարի դիմաց անցած տարի արտահանվել է ավելի քան 7 մլն 87 հազար հատ։
Արտյոմ Հովհաննիսյանի խոսքով՝ ռուսական շուկայում պահանջարկ ունեն հատկապես փնջային վարդերը: Վերջին երկու տարում նաև Վրաստանից են գնորդներ գալիս, բայց քիչ քանակությամբ են տանում։
Ջերմոցային տնտեսությամբ զբաղվողը նաև նշեց, որ ծաղիկ արտադրելը ծախսատար է, ռուբլու փոխարժեքի տատանումներն էլ իրենց հերթին են ազդում շահույթի վրա։ Չնայած խնդիրներին՝ արտադրողը պնդում է՝ անկախ ամեն ինչից ռուսական շուկայից չի կարող հրաժարվել։ Գյուղատնտեսական ապրանքների արտահանմամբ զբաղվող գործարարն ասում է՝ եվրոպական շուկա մտնելու փորձեր արել է, բայց ապարդյուն, գլխավոր խոչընդոտը եվրոպական շուկայում կիրառվող խիստ կարգավորումներն են։
«ՌԴ-ն է մեր հիմնական շուկան: ԵԱՏՄ անդամ ենք ցածր մաքսատուրքերով ենք այդ երկրների հետ առևտուր անում: Եվոպայում ծաղիկ չեն կարող վաճառել. Հոլանդիան սաղ աշխարհի ծաղիկն ինքն է վաճառում, ո՞նց կարանք մենք էնտեղ ծաղիկ տանել»,- Ագրոպրեսի հետ զրույցում նկատեց նա:
Մինչդեռ Սայաթ- Նովա համայնքի ֆերմեր Արմինե Գևորգյանը կառավարության ջերմոցային տնտեսությունների հիմնման աջակցության ծրագիրը նպաստավոր չի համարում: Նա դժգոհում է, որ ժամանակին ինքն էլ է օգտվել այդ ծրագրից, և նոր տեխնոլոգիաներով աշխատող ջերմատուն հիմնել, միլիոններ ներդրել բանջարեղենի արտադրության համար, բայց իրացման խնդիրների պատճառով քանդել սմարթ ջերմատունը:
Տեղեկացնենք, որ ՀՀ-ում կա շուրջ 1500 հեկտար ջերմոց և ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով է գործում ավելի քան 250 հեկտարը:
Աղբյուրը՝ agropress.am