1,212 փաստաբան ստորագրել են հանրագիր՝ առաջարկելով փաստաբանական ծառայություններին ազատվել ԱԱՀ-ից. իրավիճակը խնդրահարույց է. Սիմոն Բաբայան

Փաստաբանական ծառայությունների հարկումը դիտարկում ենք ոչ պատշաճ երևույթ, այն խնդրահարույց է ՀՀ իրավական օգնություն ակնկալող յուրաքանչյուր քաղաքացու համար և առնչվում է վերջինիս:
«Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծից ի վեր փաստաբանների պալատը, փաստաբանների համայնքն ակտիվ գործողություններ են իրականացրել, որ այն չկայանա, ներկայացրել են այն խնդիրները որոնց առնչվում է փաստաբանական համայնքը և ինչ հետևանքներ է ունենալու այն քաաղաքացու համար, որը հայցում է իրավաբանական օգնություն»,- այսօր ասել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և հավելել, որ իրենց խնդիրները բարձրաձայնելու նպատակով գործադիր և օրենսդիր իշխանությունների հետ հանդիպումներն անարդյունք են եղել:
«Այս ընթացքում 1,212 փաստաբան ստորագրեցին հանրագիր, որով առաջարկեցին, որ փաստաբանական ծառայություններն ազատվեն ԱԱՀ-ից, իսկ անվճար իրավաբանական օգնությունը մատուցող ծառայությունները փաստաբանների կողմից առհասարակ ազատվի հարկից, այդ հանրագրի պատասխանն էլ չունենք, իսկ այսօր օրենքը կիրառվում է»,- շեշտեց նա՝ իրավիճակը որակելով խնդրահարույց: