Այց Դսեղի և Թումանյանի առողջության կենտրոններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը փետրվարի 6-ին անակնկալ այցով այս անգամ եղել է Դսեղի և Թումանյանի առողջության կենտրոններում:
Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքի կառուցումն իրականացվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են 2021-2023թ.թ.: Շենքի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2024թ. հունիսին:
Բուժհաստատությունը հագեցած է բժշկական անհրաժեշտ սարքավորումներով և գույքով:
Ծրագրի արժեքը կազմել է 370 մլն 500 հազար դրամ: 2024թ. ընթացքում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվել է 62 մլն 700 հազար դրամ արժողության գույք և սարքավորումներ:
Առողջապահության նախարարության կողմից ևս Դսեղի առողջության կենտրոնին տրամադրվել է 10 մլն 630 հազար դրամ արժողության գույք և սարքավորումներ:
450 քմ մակերեսով Դսեղի առողջության կենտրոնը սպասարկում է Դսեղ, Մարց, Չկալով, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր և Աթան բնակավայրերի շուրջ 5000 բնակչության՝ տրամադրելով անվճար բժշկական ծառայություններ։ Բուժանձնակազմը մատուցում է ամբուլատոր֊պոլիկլինիկական ու ատամնաբուժական ծառայություններ։ Բացի այդ, կազմակերպվում են տարբեր մասնագետների այցեր առողջության կենտրոն՝ հիվանդությունների ավելի լայն շրջանակի ախտորոշման և բուժման նպատակով։ Առողջության կենտրոնը համագործակցում է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի հետ՝ անհրաժեշտության դեպքում որոշ լաբորատոր հետազոտություններ կազմակերպելու նպատակով։
Բուժհաստատությանը մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով աջակցում են նաև COAF-ի ընտանեկան բժիշկները։
Տնօրեն Մարիամ Էտիբարյանի ուղեկցությամբ՝ Ռ. Պողոսյանը շրջել է բուժհաստատությունում, հետևել աշխատանքների կազմակերպման գործընթացին։
Այցելություն է կատարվել նաև Թումանյանի առողջության կենտրոն: Վերջինս սպասարկում է Թումանյան և Քարինջ բնակավայրերի շուրջ 2300 բնակչության: Կենտրոնում նախորդ տարի ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում և իրականացվել են դռների և պատուհանների նորերով փոխարինման, կազմակերպության և համայնքի կողմից տրամադրված աջակցությամբ՝ կոսմետիկ նորոգման աշխատանքներ:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ իրականացված «Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բարձր ազդեցությամբ ցուցադրական-փորձարարական (պիլոտային) ծրագրով» տրամադրվել են ֆոտովոլտային կայաններ, որոնք կտեղադրվեն արդեն գարնանը։
Բուժանձնակազմը մատուցում է ամբուլատոր- պոլիկլինիկական ծառայություններ:
Ռ. Պողոսյանը ծանոթացել է առկա խնդիրներին և նշել, որ դրանք լուծում կստանան՝ ըստ առաջնահերթության։