Մարտունու բժշկական կենտրոնը կջեռուցվի ֆոտովոլտային կայանի արտադրած էներգիայով

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Մարտունու բժշկական կենտրոն՝ բուժհասատության շենքի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների ընթացքին ծանոթանալու և տեղում բուժանձնակազմի հետ որոշակի աշխատանքային հարցեր քննարկելու նպատակով։
Նրան ուղեկցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Մարզպետը շրջայց կատարեց արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման շինհրապարակում, պոլիկլինիկական, ինֆեկցիոն, թերապևտիկ, մանկական բաժանմունքներում, անհետաձգելի բուժօգնության և հեմոդիալիզի սրահներում, զրուցեց բուժանձնակազմի և շինարարների հետ, իսկ տնօրինության հետ քննարկեց առաջնահերթ լուծում պահանջող մի շարք հարցեր։
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Մարտունու բժշկական կենտրոնի միջև կնքված պայմանագրի համաձայն` Մարտունու ԲԿ շենքի տանիքին տեղադրվում է 150 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայան, որը շուրջ 11 միլիոն դրամով կնվազեցնի բուժհաստատության էներգետիկ ծախսերը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հունվարի կեսերից և կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 19 միլիոն, որի 20 տոկոսը ներդրում է Մարտունու բժշկական կենտրոնը, 80 տոկոսը` «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը»։
«Մարտունու ԲԿ տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրմամբ մենք ստեղծում ենք կարողություններ, որոնք ուղղելու ենք բուժհաստատության շարունակական զարգացմանն ու առաջընթացին։ Ձևավորվում է նկատելի գումարի խնայողություն, որի հաշվին կիրականացվեն տեխնիկական վերազինման նոր ծրագրեր, կներդրվեն բժշկական նոր ծառայություններ»,-շրջայցի ավարտին իր տպավորություններով կիսվեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։