Չի բացառվում, որ ԱՄՆ-ն մաքսատուրքեր սահմանի նաև Եվրամիության նկատմամբ

Չի բացառվում, որ ԱՄՆ-ն մաքսատուրքեր սահմանի նաև Եվրամիության նկատմամբ

Կանադայի, Չինաստանի և Մեքսիկայի նկատմամբ համընդհանուր մաքսատուրքեր սահմանելուց հետո ԱՄՆ նախագահը կարող է հաջորդիվ նույն քայլն անել Եվրամիության դեմ։ 

Փետրվարի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց. «ԵՄ-ն չի գնում մեր մեքենաները, մեր գյուղմթերքը։ Նրանք ամերիկյան շուկայից գրեթե ոչինչ չեն վերցնում, մինչդեռ մենք նրանցից գնում ենք ամեն ինչ»։

Շատերի համոզմամբ՝ նախագահի այս ելույթը թափանցիկ ակնարկ էր, որ հնարավոր է՝ հարցն ավարտվի մաքսատուրքերի սահմանմամբ։

Բրյուսելի շատ պաշտոնյաների համար, համենայնդեպս, հստակ է, որ խոսքը ոչ թե «կլինի, թե ոչ»-ի մասին է, այլ՝ ժամկետի։ ԵՄ պաշտոնյաները, որոնց հետ ես զրուցել եմ, կարծում են, որ Վաշինգտոնը մաքսատուրքեր կարող է սահմանել արդեն մարտին, քանի որ նախագահ Թրամփը պահանջել է ամերիկյան գործակալություններից մինչև ապրիլ հետաքննել՝ որտեղ են դաշնակիցները «անարդար» Նահանգների նկատմամբ:

Մինչ Սպիտակ տունը գործի կանցնի, ԵՄ դիվանագետները աշխատում են գրեթե շուրջօրյա ռեժիմով, նրանցից մի քանիսը դեռ կարծում են, որ Վաշինգտոնի հետ հնարավոր է համաձայնության հասնել։ Նրանց մարտավարությունը պարզ է՝ պահպանել սառնասրտություն և կենտրոնանալ ԱՄՆ-ի գործողությունների, ոչ թե հայտարարությունների վրա:

«Տեսնենք, թե ինչպես կարձագանքեն շուկաները», - ասաց ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկը՝ հուսալով, որ անդրատլանտյան առևտրային պատերազմը մեծ վնաս կհասցնի երկու կողմերին էլ և իր ազդեցությունը կթողնի Ուոլ Սթրիթում, Սպիտակ տանը և Կոնգրեսում։