Հունվարին օդում չտարբերակված փոշու պարունակությունը 2 անգամ գերազանցել է սահմանային կոնցենտրացիան

Հունվարին օդում չտարբերակված փոշու պարունակությունը 2 անգամ գերազանցել է սահմանային կոնցենտրացիան

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված դիտարկումների համաձայն՝ օդում չտարբերակված փոշու պարունակությունը հունվարին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 2 անգամ։ 

Ըստ քաղաքապետի՝ մեծ ծավալի օդի որակի չափման սարքեր են տեղադրվել, և պարզվել է, որ տարբեր գործոններով պայմանավորված, շատ դեպքերում՝ ոչ մարդածին գործոններով պայմանավորված՝ ունենք օդի որակի հետ կապված խնդիր: Բայց կան նաև մարդածին գործոններով պայմանավորված խնդիրներ: Ավինյանը կարծում է՝ պետք է երկու ուղղությամբ էլ գործուն քայլեր ձեռնարկել:

«Սա համարում եմ, որ բոլորիս գործն է, և, առաջին հերթին, Երևանի քաղաքապետարանի անելիքն է: Մեր գործընկերների հետ աշխատելով, հարցը ուշադրության կենտրոնում պահելով՝ մենք պետք է սկսենք կոնկրետ գործուն քայլեր ձեռնարկել, կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, որոնք նվազագույնը մարդածին աղտոտվածության մակարդակը կարող են նվազեցնել»,- ասաց նա:

Ավինյանը նաև նշեց, որ օդի որակի խնդիր առաջանում է հատկապես աշնան սեզոնի վերջում, ձմռան սեզոնի ընթացքում, խնդիրներից են օդի ջերմաստիճանն ու կանաչ զանգվածի պակասը, ուստի պետք է կանաչապատման քաղաքականության մեջ ևս փոփոխություններ իրականացնել, ունենալ մշտադալար ծառատեսակներ, որոնք նաև կանաչ են լինում ձմռան ամիսներին:

Օդի աղտոտման խնդիր են նաև ավտոմեքենաները, որոնք չունեն կատալիզատոր, ուստի, Ավինյանը կարծում է՝ պետք է կոմպլեքս ծրագիր իրականացնել: