Պարզաբանում՝ ԶՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Պարզաբանում՝  ԶՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային պայմանագրերը՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը՝ առաջադրելով անհիմն և անիրատեսական աշխատավարձի բարձրացման վերաբերյալ վերջնագրային պահանջներ՝ դրանով իսկ խաթարելով ընկերության աշխատանքային գործընթացը։

Հաշվի առնելով հասարակական արձագանքը՝ ներկայացնում ենք մի շարք կարևոր փաստեր և թվեր.

  • Հարկ ենք համարում հիշեցնել, որ ընկերության աշխատակիցները նախկինում ևս կազմակերպել են  բողոքի ակցիաներ և ոչ թույլատրելի գործադուլներ աշխատավարձի բարձրացման պահանջով, այդ թվում՝ մինչև բաժնետերերի և ղեկավարության փոփոխությունները, օրինակ՝ 2018 թվականին։

  • 2024 թվականի սեպտեմբերից ընկերությունը սկսել է աշխատավարձերի վերանայման գործընթաց՝ նպատակ ունենալով ներդնել աշխատանքի վարձատրության ինստիտուցիոնալ սկզբունքներ, վերացնել սոցիալական անհավասարությունները և ապահովել ոլորտի ստանդարտների ու օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված վարձատրության թափանցիկ համակարգ։

  • Այս փոփոխությունների շրջանակում, օրինակ, բեռնատարների օպերատորների և նրանց օգնականների վարձատրության վերանայման արդյունքում (2024 թվականի հոկտեմբեր) նրանց վարձատրության գործարքային բաղադրիչը զգալիորեն աճել է։

  • Անկախ սեպտեմբերից իրականացվող բարեփոխումներից՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս պահին էլ ԶՊՄԿ-ի միջին աշխատավարձը գերազանցում է ոլորտի բոլոր ցուցանիշները։

  • Սյունիքի մարզում միջին աշխատավարձը երկրորդն է մայրաքաղաքից հետո, ինչը պայմանավորված է ոլորտի, մասնավորապես՝ ԶՊՄԿ-ի գործունեությամբ։

Աշխատավարձերի վերաբերյալ կամայական մեկնաբանություններից խուսափելու համար՝ ներկայացնում ենք գործարանի որոշ պաշտոնների ներկայիս աշխատավարձերի տվյալները (ՀՀ դրամ՝ նվազագույն-առավելագույն, ներառյալ հարկերը)։ Մասնավորապես,  հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատողների ընկացիկ աշխատավարձը ըստ կարգի․   

  • Ֆլոտատոր - 99,470-594,099 ՀՀ դրամ
  • Փականագործ 329,918-580,003 ՀՀ դրամ
  • էլեկտրագազաեռակցող- 359,856-609,491 ՀՀ դրամ 

Հանքանյութի մանրացման և փոխադրման արտադրամասի ընթացիկ աշխատավարձ՝ ըստ կարգի․

  •  Կոնվեյերավար 450,090-480,060 ՀՀ դրամ
  • Էլեկտրագազաեռակցող-362,789-614,809

Ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը կատարվում է գործարքային համակարգով (կմ/երթ)։ Միջին ամսական աշխատավարձ (ներառյալ հարկերը)

  • 90 տոննա -1,140,151 ՀՀ դրամ
  • 130 տոննա 1,372,247 ՀՀ դրամ
  • 180 տոննա 1,672,215  ՀՀ դրամ
  • Ընդհանուր միջին 1,394,871 ՀՀ դրամ

    Բացի այդ՝
  • ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցները (ներառյալ բանվորները) և նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ ծնողները, ապահովված են առողջապահական ապահովագրությամբ, իսկ այն ծախսերը, որոնք ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցում, ֆինանսավորվում են ընկերության բարեգործական հիմնադրամի կողմից։

  • Բոլոր աշխատակիցները կարող են օգտվել օրենքով սահմանված արձակուրդային օրերից և օգտվել արհմիության տրամադրած արտոնյալ կամ  անվճար ուղեգրերից՝ Հայաստանի և տարածաշրջանի հանգստյան տներում։

  • Ընկերությունն ապահովում է աշխատակիցների և նրանց երեխաների  ուսման ծախսերի փոխհատուցում։

  • Աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ։

  • Ընկերությունը սոցիալական լայնածավալ ծրագրերի շրջանակում  ֆինանսավորում  է մանկապարտեզներ, սպորտային խմբակներ, բժշկական հաստատություններ, մշակույթի տներ, բազմաթիվ միջոցառումներ և հարյուրավոր այլ սոցիալական ծրագրեր։

Քանի որ վերջին օրերին գործադուլի կազմակերպիչների կողմից տարածվում է  ապատեղեկատվություն՝ իբրև «աղքատիկ» աշխատավարձերի և վատ վարձատրության պայմանների մասին, հանրության դատին ենք թողնում վերոնշյալ թվերը և փաստերը։

Լրացուցիչ՝

  • Չարտոնված գործողություններում ներգրավված աշխատակիցների թիվը չի գերազանցում Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի 7-8%-ը։

  • Արհմիությունը չի աջակցում այս գործողություններին` համարելով դրանք անօրինական, և չի դիտարկում դրանք որպես գործադուլ։

  • «ԶՊՄԿ» ՓԲԸ- և նրա աշխատակիցների մեծամասնության շահերից ելնելով՝ ընկերությունն իր իրավունքն է համարում իրավական գործընթացների շրջանակում պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին։

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ում աշխատում է ավելի քան 4,600 մարդ։ Շատ դեպքերում աշխատանքի տեղավորումը պայմանավորված է բացառապես սոցիալական խնդիրներով և միշտ չէ, որ արտացոլում է ընկերության իրական կարիքները մասնագետների հարցում։

Ամեն օր Կադրերի բաժին են ուղարկվում մեծ թվով աշխատանքային դիմումներ՝ չնայած սահմանափակ թվով թափուր աշխատատեղերին։ Մենք վստահ ենք, որ մեր աշխատակիցների մեծ մասը գնահատում է իրենց աշխատանքը և ընկերության վերաբերմունքը,  ուստի նրանք չպետք է տուժեն որոշ անպատասխանատու հրահրիչների գործողություններից։