«Լիդիան Արմենիային» տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են

ՀՀ վարչական դատարանը վճռել է, որ «Լիդիան Արմենիան» ընկերությանը տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել: Այս մասին տեղեկատվություն է տարածել «Լիդիան Արմենիան»։
«Մասնավորապես, 2015թ. երկու հասարակական կազմակերպություններ հայց էին ներկայացրել ընդդեմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` պահանջելով անվավեր ճանաչել Նախարարության կողմից «Լիդիան Արմենային» տրված այն թույլտվությունները, որոնցով Ընկերությանը թույլատրվել էր շահագործել նաև Ամուլսարի հանքավայրի Էրատո տեղամասը:
Դատարանը վճռել է, որ վիճարկվող ակտերը հանդիսանում են հիմնական թույլտվությունների փոփոխություններ, հետևաբար հիմնական թույլտվությունների իրավաչափության պայմաններում դրանց իրավաչափությունը ևս չի կարող կասկածի տակ դրվել:
Հատկանշական է, որ այս գործով ներկայացված հայցը բովանդակությամբ և հայցվորների կողմից բերված փաստարկներով ամբողջովին նույնական է այն դատական գործով ներկայացված հայցի հետ, որի առնչությամբ Վարչական դատարանը 2024թ. դեկտեմբերի 2-ին որոշում էր կայացրել` մասնակիորեն բավարարելով հայցվորների` տվյալ դեպքում մի քանի քաղաքացու, հայցը:
Նշենք նաև, որ «Լիդիան Արմենիան» երկու դատական գործում էլ հանդիսանալով որպես երրորդ անձ, արդեն իսկ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է դեկտեմբերի 2-ի վճիռը»․-ասված է հաղորդագրության մեջ։