168.am. Պահուստները չեն համալրել, թողել են, որ դրամն ամրապնդված մնա ու շարունակի վնասել տնտեսությանը

168.am-ը գրում է.
Վերջին տարիներին Հայաստանը գտնվել է տարադրամային ահռելի հոսքերի ճնշման տակ։ Մեծ գումարներ են մտել ու դուրս եկել։
Թվում է, թե իշխանություններն այդ առիթը պիտի օգտագործեին երկրի արտաքին արժութային պաշարները համալրելու ու ֆինանսական կայունությունն ամրապնդելու համար։ Հատկապես որ, այդ հոսքերը հավերժական չեն ու մի օր վերջանալու են։ Բայց դատելով պաշտոնական տվյալներից, վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պահուստները նույնիսկ նվազել են։
Կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալներով, Հայաստանի արտաքին պահուստները 2024թ. վերջին կազմել են 3 մլրդ 668 մլն դոլար։
Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 60 մլն դոլարով ավելի է, բայց 443 միլիոնով պակաս է 2022թ. համեմատ։
Արտարժութային պահուստները կրճատվել են տարադրամային հսկայական հոսքերի պայմաններում։ Այդ հոսքերով են իշխանությունները մշտապես պայմանավորել վերջին տարիներին արձանագրված ազգային արժույթի ամրապնդումը, ինչը մեծապես վնասել է ներքին տնտեսությանը, հատկապես՝ տնտեսության արտահանելի հատվածին։
Տնտեսության վրա տարադրամային ճնշման ու դրամի արժևորման ազդեցությունն ինչ-որ տեղ թուլացնելու համար կարող էին տարադրամ ներքաշել, դրա հաշվին համալրելով նաև արտաքին պահուստները։ Արդյունքում, մի կողմից՝ հետագայի համար ֆինանսական անվտանգության լրացուցիչ բարձիկներ կստեղծեին, մյուս կողմից՝ շնչելու որոշ հնարավորություններ կտային տնտեսությանը։
Բայց, ինչպես տեսնում ենք, տարադրամային հսկայական հոսքերի պայմաններում, արտաքին պահուստները վերջին 2 տարում նույնիսկ կրճատվել են։
Այսինքն՝ չեն էլ փորձել պահուստները համարելու միջոցով թուլացնել տարադրամային ճնշումը դրամի ամրապնդման վրա։ Թողել են, որպեսզի դրամը շարունակի ամրապնդված մնալ ու վնասել տնտեսությանը։
Վերջին 3 տարիներին դրամի ամրապնդումը լուրջ խնդիր է եղել տնտեսության համար ու այսօր էլ շարունակում է լինել։ Դրա հետևանքները կարելի էր մեղմել՝ պայմաններ ստեղծելով տնտեսության մրցունակության բարձրացման համար։ Սակայն գերադասել են արժևորված պահել դրամն ու խթանել ներմուծումը՝ տեղական արտադրողին դնելով վատ վիճակում՝ ինչպես ներմուծողների նկատմամբ, այնպես էլ՝ արտաքին շուկաներում։ Եվ սա արել են այն պայմաններում, երբ փոխարժեքների միջոցով գնաճը զսպելու խնդիր բացարձակ չեն ունեցել։
Պաշտոնական գնաճը, առնվազն վերջին 2 տարիներին, անհամեմատ ցածր է եղել նպատակային ցուցանիշի նույնիսկ ներքին սահմանից։ Փոխարժեքների միջոցով այն ճնշելու անհրաժեշտություն չի էլ եղել։ Անգամ տարբեր միջոցներով փորձել են խթանել գնաճը, բայց միտումնավոր, թե այլ պատճառներով, թողել են, որպեսզի դրամը շարունակի չափից դուրս ամրապնդված մնալ։ Չեն ներքաշել հավելյալ տարադրամը, որպեսզի մի կողմից՝ թուլացնեն դրամի վրա ճնշումն ու պայմաններ ստեղծեն ներքին տնտեսության մրցունակության բարձրացման համար, մյուս կողմից՝ համալրեն արտաքին պահուստները։
Ե՛վ տնտեսությունն է տուժել, և՛ արտաքին պահուստները չեն ավելացել։
Մանրամասն՝ 168.am