Կանադան պատրաստվում է 105 մլրդ դոլարի տուրքեր մտցնել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար

Կանադան կազմել է 105 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների ցուցակը, որոնց համար մտցվելու են տուրքեր, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իրականացնի իր սպառնալիքը եւ հավանություն տա կանադական բոլոր ապրանքների վրա 25 տոկոսի չափով սակագներ մտցնելուն։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տեղեկացմամբ՝ Օտտավան առաջինը չի դիմի այդ քայլին եւ տուրքերը կմտցնի միայն ի պատասխան Թրամփի վարչակազմի գործողությունների։ Կանադայի կազմած ապրանքների ցուցակը նախնական է եւ կարող է հետագայում լրացվել։
Ավելի վաղ Կանադայի ԱԳՆ ղեկավար Մելանի Ժոլին հայտնել էր, որ Օտտավան պատրաստ է դադարեցնել էլեկտրաէներգիայի եւ էներգակիրների մատակարարումը Միացյալ Նահանգներ, եթե Թրամփը 25 տոկոսի չափով տուրքեր մտցնի։ Կանադան ԱՄՆ է արտահանում իր նավթի մոտ 60, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի 85 տոկոսը։