Խաղերի ոլորտի կարգավորումը կիրականացնի Էկոնոմիկայի նախարարությունը

Խաղային ոլորտի կարգավորման գործառույթը Ֆինանսների նախարարությունից կփոխանցվի Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ Ֆինանսների նախարարությանը` պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը:
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում և կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Գործող օրենքով՝ Էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտում կառավարության քաղաքականությունը: Ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է խաղաղային գործի ոլորտներում կառավարության քաղաքականությունը:
«Նկատի ունենալով, որ խաղային ոլորտն առավելապես առնչվում է տնտեսության այլ ոլորտների հետ, տնտեսության ոլորտ է՝ առաջարկում ենք նշված օրենքների իմաստով լիազոր մարմին սահմանել Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ Էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներից պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել Ֆինանսների նախարարություն»,-ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: