Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։
ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր և ինչպես: Այս փուլում տարեկան հայտարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր խմբեր․
2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։
2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային) քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն նաև այն ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն), որոնք հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացել են հարկվող եկամուտներ։ Ընդ որում, քաղաքացիների այս խումբն ունի եկամտային հարկը նույն ժամկետում պետական բյուջե վճարելու պարտավորություն։ Օրինակ, այն անձինք, որոնք նախորդ տարվա ընթացքում վարձակալությամբ տրամադրել են բնակարան։
Ինչպես ներկայացնել հայտարարագիր
Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են տարեկան մեկ անգամ՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ում՝ Android-ի համար։ Ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել Self Portal անվանումը:
Այս համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է Ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես Ձեզ համար ապահովելու նպատակով: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։