Գործադիրը համայնքների սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով որոշեց հատկացնել 2 միլիարդ 954 միլիոն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում որոշեց համայնքների սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով հատկացնել 2 միլիարդ 954 միլիոն դրամ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նախատեսվում է համաֆինանսավորել 28 համայնքների թվով 46 ծրագրեր: Ըստ մարզերի տեղաբաշխությունը հետևյալն է:
Արմավիրի մարզ՝ յոթ ծրագիր 237 միլիոն դրամ,
Գեղարքունիքի մարզ՝ չորս ծրագիր 519,7 միլիոն դրամ,
Լոռու մարզ՝ ինը ծրագիր 515 միլիոն դրամ,
Կոտայքի մարզ՝ երկու ծրագիր 71,9 միլիոն դրամ,
Շիրակի մարզ՝ հինգ ծրագիր 204,9 միլիոն դրամ,
Սյունիքի մարզ՝ հինգ ծրագիր 699,2 միլիոն դրամ,
Վայոց Ձորի մարզ՝ հինգ ծրագիր 224,1 միլիոն դրամ,
Տավուշի մարզ՝ ութ ծրագիր 349,5 միլիոն դրամ:
Երկրի ղեկավարը բարերար-գործարարների ուշադրությունը հրավիրել է նաև այն փաստի վրա, որ նրանք սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու հնարավորություն ունեն։ «Այսինքն՝ շատ դեպքերում կարող են ֆինանսական աջակցություն տրամադրել համայնքին, և համայնքն իր բյուջեով մասնակցի երկկողմ սուբվենցիային՝ Կառավարություն և համայնք։ Բայց կարող է լինել նաև եռակողմ սուբվենցիա՝ մասնակցի համայնքը, անհատը կամ այլ կազմակերպություն և Կառավարությունը։ Սա շատ կարևոր է: Սա էլ է կուլտուրայի հարց, երբ տեսնում ենք, որ մարդիկ ուզում են համայնքի համար ինչ-որ բան անել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ երբեմն անարդյունավետ ծախսեր են արվում, որի արդյունքում համայնքի կյանքում ոչ մի բան չի փոխվում։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է այդ ներուժը բովանդակային առումով փոփոխելու անհրաժեշտությունը. «Այն ուղղությամբ պետք է տանենք, որ այդ թվում անհատների միջոցներն ուղղվեն երկրի, համայնքի զարգացմանը, բարեգործության տրամաբանությունից պետք է դուրս գալ»: