Ռուբեն Սիմոնյանը՝ նոր օրենքներում փոփոխությունների մասին

Քննարկմանը, որին մասնակցել են Ինժեներական ասոցացիայի ընկերությունների տնօրենները և հաշվապահները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը պարզաբանել է օրենքներում տեղ գտած մի շարք դրույթներ, մանրամասներ ներկայացրել դրանց կիրարկման վերաբերյալ։ Մեկ անգամ ևս ընդգծվել է, որ այս օրենքների ընդունումը նպատակ ունի վերանայելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի և գիտահետազոտական աշխատանքների համար նախատեսված պետական աջակցության գործիքակազմը, ինչպես նաև ընդլայնելու հարկային արտոնությունների շրջանակը՝ ապահովելով առավել նպաստավոր պայմաններ ոլորտի զարգացման և աճի համար։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Հարցադրումներին, որոնք վերաբերել են աշխատանքային միգրանտներին ուղղված աջակցությանը, նոր աշխատակիցների ներգրավման համար տրամադրվող հարկային արտոնություններին, աշխատակիցների վերապատրաստման համար տրվող փոխհատուցմանը, եկամտային և շրջանառության հարկի մասով արտոնություններին և օրենքներում տեղ գտած մի շարք այլ կետերի, տրվել են հանգամանալից և սպառիչ պատասխաններ։
ԱԺ կողմից դեկտեմբերի 4-ի նիստում ընդունված նշյալ օրենքները ուժի մեջ կմտնեն և կսկսեն գործել արդեն 2025թ. հունվարի 1-ից։ 29 մլրդ ՀՀ դրամը արժեքով օրենքների ընդունումը շրջադարձային փոփոխություններ է խոստանում տեխնոլոգիական ոլորտում: