Հայկազ Ֆանյան. Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի տնտեսության համար

Հայկազ Ֆանյան. Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի տնտեսության համար

Վերջին տարիներին ՀՀ տնտեսական զարգացման առանձնահատկությունների քննարկմանն էր նվիրված «Հայաստանի տնտեսական խճանկարը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին» խորագրով երկօրյա աշխատաժողովը Աղվերանում, որը համատեղ կազմակերպել էին Տնտեսական լրագրողների ակումբը և Modex ընկերությունը։ 

Modex ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը և ավագ խորհրդատու Արմինե Պետրոսյանը  ներկայացրել են Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում գրանցված փոփոխությունների վերաբերյալ վիճակագրական ուշագրավ տվյալներով համեմված վերլուծություններ։

Ֆանյանի խոսքով, Ուկրաինայում ծավալված իրադարձությունները հիմնականում դրական են անդրադարձել Հայաստանի տնտեսությանը։ Օրինակ, 2022 թվականին տնտեսական աճի աճի պատկառելի մասնաբաժինը պայմանավորված էր դեպի Հայաստան միգրացիոն հոսքերով, մեր երկրից վերաարտահանման ծավալների կտրուկ ավելացմամբ, նաև հայաստանյան ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճով։ Առավել մեծ աճ գրանցվել է հիմնականում ՏՏ, առևտրի և ֆինանսական ոլորտներում։

2023 և 2024 թվականներին  նշված ցուցանիշները նվազել են, ինչը պայմանավորված է թվարկված գործոնների ազդեցության թուլացմամբ։

Ըստ նրա, ոսկու վերամշակումն ու վերաարտահանումը որոշակի տնտեսական ազդեցություն ունեցել են 2023 թվականի չորրորդ եռամսյակից սկսած, որովհետև տնտեսական մոտիվներն առաջացել են այդ պահին։

Արմինե Պետրոսյանը անդրադարձավ արտաքին առևտրին և օտարերկրյա ներդրումներին: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքը շեշտակի փոխվել է՝ դրանում կտրուկ աճել է Ռուսաստանի մասնաբաժինը, որն արդեն հասել է շուրջ 40 տոկոսի՝  հիմնականում պայմանավորված  վերաարտահանման աճի գործոնով։

«2022-ին Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 3 անգամ, 2023-ին տպավորիչ աճը շարունակվել է, բայց ավելի ցածր տեմպով (+40%)։ Արդյունքում՝ 2022-ին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է ավելի քան 2 մլրդ, իսկ մեկ տարի անց՝ շուրջ 3․4 մլրդ դոլարի ապրանք (Հայաստանի ամբողջ ապրանքային արտահանման 41 տոկոսը)։ 2022-ին Հայաստանը սկսել է Ռուսաստան արտահանել կամ զգալիորեն ավելացրել է այնպիսի ապրանքների արտահանումը, ինչպիսիք են Էլեկտրական սարքավորումները և մեքենաները, տրանսպորտային միջոցները, հաշվողական մեքենաները, այլ մեխանիկական սարքեր և սարքավորումներ, բժշկությունում օգտագործվող սարքեր, հարմարանքներ։ Այդ ամենը կազմել է նշված թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանման 43 տոկոսը։ Դա միանշանակ եղել է վերաարտահանում, քանի որ մեր երկրում նման ապրանքներ չեն արտադրվում»,- նշեց նա։