Մեղադրանքներ Արաբկիր համայնքի ավադանու նախկին անդամին և ընկերության հաշվապահին
Երևանի նախկին Արաբկիր համայնքի ավագանու թվով 10 անդամները, այդ թվում՝ Է.Կ.-ն, հիմք ընդունելով Արաբկիր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման հանձնաժողովի եզրակացությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կայացրել են որոշումներ, որոնց համաձայն՝ Արաբկիր համայնքին պատկանող 79քմ ընդհանուր մակերեսով հիշյալ բնակարանի, 446.75 քմ մակերեսով Կուլտուրայի տան և Կոմիտասի փողոցի 8 շենքի, 126.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի վաճառքներն իրականացվել են աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով կադաստրային և շուկայական արժեքից անհամեմատ ցածր գին՝ համապատասխանաբար 3.350.000 ՀՀ դրամ, 108.066.000 ՀՀ դրամ և 1.370.000 ՀՀ դրամ։ Դա այն դեպքում, երբ հիշյալ տարածքների շուկայական արժեքը նշված ժամանակահատվածում կազմել է համապատասխանաբար 13.600.000, 167.410.000 և 33.860.000 ՀՀ դրամ:
Իր հերթին, համայնքի նախկին ղեկավար Հ.Շ.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, հաստատել է ավագանու հիշյալ որոշումները, որով օրենքով իրեն վստահված հիշյալ տարածքները դրվել են աճուրդի և հետագայում մեկնարկային գնով վաճառվելու արդյունքում վատնման եղանակով հափշտակվել՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ ՓԲԸ-ի աշխատակիցները 2007-2008 թվականների ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր համայնքում աղբահանության աշխատանքների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավաքագրել են ընդհանուր 103.692.392 ՀՀ դրամի չափով գումար և հանձնել Արաբկիր համայնքում աղբահանության աշխատանքներ իրականացնող ՓԲԸ-ի հաշվապահին (մահացել է 2010թ.): Վերջինս, օրինական հիմքերով ստանալով ընկերության կողմից իրեն վստահված նշված առանձնապես խոշոր չափերով գումարը, դրանից, ընկերության միակ մասնակցի և տնօրենի ցուցումով, համայնքային բյուջե է մուտքագրել ընդհամենը 24.459.926 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարը փոխանցել է վերջիններիս՝ այդպիսով նրանց հետ միասին հափշտակելով ընկերությունից օրինական հիմքերով ստացված 79.232.466 ՀՀ դրամը։
Նախաքննության արդյունքները դատարան են ուղարկվել: