Ն․ Հակոբյանը ելույթ է ունեցել անապատացման դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի նիստում

Ն․ Հակոբյանը ելույթ է ունեցել անապատացման դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի նիստում
Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը մասնակցել է Կենտրոնական և Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրների անունից ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման և վերանայման Կոմիտեի 22-րդ նստաշրջանի բացմանը։
Նարինե Հակոբյանը հանդես է եկել ելույթով և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից երախտագիտություն հայտնել Սաուդյան Արաբիայի Թագավորությանը ՄԱԿ-ի ՃԿԿ Կողմերի 16-րդ համաժողովը հյուրընկալելու և միջոցառման գերազանց կազմակերպման համար։
«COP16-ը նշում է կոնվենցիայի 30-ամյակը, որը կարևոր հնարավորություն է վերանայելու մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և սահմանելու նոր ուղենիշներ ու գործողությունների ուղղություններ՝ ապահովելու բնապահպանական և սոցիալական կայունությունը՝ կանխելու հողերի դեգրադացումը և մեծացնելով երաշտի դիմացկունությունը:
Որպես COP15-ից ի վեր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի Հավելված 5-ի նախագահող երկիր՝ Հայաստանը նպաստել է այս նստաշրջանի արդյունավետ արդյունքներին՝ հյուրընկալելով երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, կազմակերպելով կարողությունների զարգացման դասընթաց և անցկացնելով տարածաշրջանային Նախապատրաստական հանդիպում Հայաստանում՝ COP16-ին ընդառաջ։ Մեզ նաև պատիվ էր երկու անգամ ողջունել COP15-ի նախագահ պարոն Դոնվահիին Հայաստանում,-նշել է Նարինե Հակոբյանը։
Նարինե Հակոբյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերի ուժեղացումը՝ շեշտը դնելով փորձի փոխանակման և կարողությունների զարգացման վրա՝ ազգային մակարդակով հողերի դեգրադացիայի հասնելու նպատակով։
Կոնվենցիայի համակարգողն իր ելույթը եզրափակել է հիշատակելով, որ Հայաստանը՝ որպես 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության COP17-ի հյուրընկալող երկիր, ակնկալում է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Ռիոյի երեք կոնվենցիաների միջև անհրաժեշտ սիներգիա ստեղծելու և դրանց համապարփակ իրականացմանն աջակցելու համար։