Հայաստանը կունենա Արագ արձագանքման բժշկական խումբ, որը մարդասիրական առաքելություն կիրականացնի երկրում և երկրից դուրս
Հաաստանում կստեղծվի Արագ արձագանքման բժշկական խումբ, որն ըստ անհրաժեշտության մարդասիրական առաքելություն կիրականացնի ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում:
ԱԺ-ում քննարկված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ստեղծել արագ արձագանքման բժշկական խումբ ՀՀ-ում, որը մարդասիրական առաքելություն կունենա:
Այս խումբը պետք է լինի ինքնաբավ, այսինքն՝ պետք է ապահովված լինի և կադրերով՝ բուժաշխատողներով, լոգիստիկ մասնագետներով, և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, սննդով, ջրով: Պետք է աշխատի Առողջապահության համաշախարհային կազմակերպության ստանդարտներով և ստանա միջազգային հավաստագիր:
Ըստ նախագծի՝ Արագ արձագանքման բժշկական խումբը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին ներգրավվում է Հայաստանի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի և ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարների համատեղ հրամանով սահմանված կարգով: