Կավելանա՞ն տնտեսության իրական հատվածում ներդրումները, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա

Կավելանա՞ն տնտեսության իրական հատվածում ներդրումները, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա

Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության իրական հատվածի վրա  «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին»  օրենքում կատարված վերջին փոփոխությունները։  ԿԲ–ն օրենսդրական փոփոխություններով՝  կենսաթոշակային  ֆոնդերում  ներդրված գումարները  մինչև 10 տոկոսի չափով հնարավոր է ներդնել իրական հատվածում։  Մինչ այժմ ուղիղ ներդրումների հնարավորություն չկար։ Ներդրումները հնարավոր էին իրականացնել որևէ ֆոնդի միջոցով։

ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը հստակեցնում  է «Եթե մինչև այս փոփոխությունը մեկ երկրում  ներդրման  առավելագույն չափը 15% էր, այժմ՝ ԱՄՆ ֆինանսական շուկայում հնարավոր է  ներդնել մինչև  30% ։ Փոփոխությունների  հիմնական իմաստն այն է, որ  կապիտալի շուկայում  ԱՄՆ կշիռը  ամենամեծն է, և այդ 15%-ը հնարավորություն չի տալիս պատշաճ կերպով դիվերսիֆիկացիա անել, այսինքն, ԱՄՆ շուկայում ավելի շատ ներդրումներ անել։ Հիմա այս պարագան դիվերսիֆիկացիայի հնարավորություն կտա»։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարինե Պետրոսյանը  ejc.am-ի թղթակցի հետ զրույցում արձանագրում է, որ   կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում նոր է, ֆոնդերը տարիների ընթացքում աճել են, բայց կապիտալի շուկան նույնքան արագ չի զարգացել։   Ուստի ստացվում է  այնպես, որ  այդ ֆոնդերի միջոցները  տնտեսության իրական հատված չեն հասնում։  Բացատրում է՝  օրինակ` այդ գումարները ենթակառուցվածքների՝ ճանապարհաշինարարական աշխատանքների, դպրոցաշինության  մեջ ներդնելու հնարավորությունները սահմանափակ են։

Այդ գումարները ներդրվում են կամ պետական պարտատոմսերում  ու բանկերում, կամ  որոշ մասը՝ արտասահմանում։ Տնտեսագետը հիշեցնում է, որ առկա են երեք տիպի կենսաթոշակային ֆոնդեր՝ հավասարակշռված, պահպանողական ու կայուն եկամտային։ Դրանց բնույթով էլ պայմանավորված՝ այս փոփոխությունը որոշակի ազդեցություն կունենա ֆինանսական համակարգի վրա։ Կայուն եկամտային ֆոնդերի միջոցները ներդրվում են կայուն եկամուտ ունեցող գործիքներում  օրինակ՝ ավանդներ  և դրանք բաժնեթղթային գործիքներում ներդրվելու հնարավորություն չունեն։ Ուստի այս փոփոխությունների ազդեցությունը դրանք էականորեն չեն կարող կրել ։ Միջին  ռիսկային ֆոնդերը պահպանողական ֆոնդերն են, որոնց միջոցները, բացի  կայուն եկամտաբերություն ապահովող գործիքներից,  կարող են ներդրվել առավել ռիսկային գործիքներում օրինակ` բաժնետոմսերում։

 Նարինե Պետրոսյանն ընդգծում է, որ իրականացվող այս փոփոխությունները  առնվազն ֆոնդի կառավարիչներին հնարավորություն  են տալիս պահպանողական ֆոնդերում ներդրված միջոցների շուրջ  35% -ը ներդնել բաժնետոմսերում:

Հիշեցնում է, որ Հայաստանում  կենսաթոշակային ֆոնդերի կառուցվածքում  գերակշռող է ավելի շատ պահպանողական ֆոնդերն  են՝ 90 տոկոսը,  ուստի այս փոփոխությունները  կարող են  էականորեն նկատելի լինել՝ հնարավորություն տալով  ֆոնդի կառավարիչներին ներդրված միջոցների շուրջ 35 % օգտագործել բաժնետոմսերում։ Ֆոնդերի առավել բարձր ռիսկային ֆոնդը՝ հավասարակշռվածը, ֆոնդերի միջոցները կիսով չափ ներդրվում են արդեն ռիսկային գործիքներում։ 

Տնտեսագետն ընդգծում է, որ այս փոփոխությունները մի կողմից ֆոնդերի կառավարիչների համար հնարավորություն է ուղղակիորեն ընտրել ընկերություն ու ներդրումներ կատարել, մյուս կողմից նաև ռիսկն է բարձրացնում ՝ ներդրումները կորցնելու կամ մի մասը ռիսկի ենթարկելու տեսանկյունից։  «Համաշխարհային տնտեսությունում ակտիվների գները խիստ տատանողական են։  Փոփոխությունները կավելացնեն ներդրումները թե ոչ՝ ժամանակ է պետք»,-ասում  է տնտեսագետը։ 

 Վիճակագրության համաձայն՝ կենսաթոշակային ֆոնդերում շուրջ  650 մլրդ դրամ գումար կա։   Գումարի 35%-ը արտարժույթով է, 65%-ը ազգային դրամով։ Ըստ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանի՝  «սա նշանակում է, որ 65%-ը Հայաստանի Հանրապետության ներսում է։  ՀՀ պետական պարտատոմսերի մեջ  ներդրումները 42%- են կազմում։ Ներդրումները ԱՄՆ–ում են, Եվրոպայում, Ճապոնիայում: Առաջընթաց ունի Միացյալ Նահանգները: ՀՀ–ում կորպորատիվ թղթերում ներդրումները, ըստ էության պարտատոմսեր են, որովհետև շատ թողարկումներ չկան։ Միայն մեկ դեպք եղել է, երբ մենք ունեցել ենք  IPO, որտեղ որ ներդրում են արել մեր ֆոնդերը՝ Team Telecom–ն է»։ 

ՀՀ-ում պարտադիր կուտակային համակարգը ներդրվել է 2014 թվականից։ Տարիների ընթացքում այն փոփոխությունների է ենթարկվել։ Կենսաթոշակային 63 տարին լրանալուն պես մասնակիցները սկսում են ստանալ կուտակային կենսաթոշակ։ Շահառուների առաջին խումբը գումարը կստանա 2037 թվականից։