Առաջարկվում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության հարկը 5-ի փոխարեն սահմանել 1 տոկոս

Կառավարությունն առաջարկում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության հարկը գործող 5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է օրենքներում փոփոխությունների նախագիծը:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծում կառավարության կողմից սահմանված պետական աջակցության ենթակա տնտեսվարող սուբյեկտներին առաջարկվում է աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական-իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով աջակցություն»,-ասել է նա:
Առաջարկվում է մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման դեպքում եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական-իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով աջակցություն՝ նկատի ունենալով, որ նախագծից հանվում են վերապատրաստման նպատակով տնտեսավարողի կողմից կատարված գործուղման ծախսերի փոխհատուցման կարգավորումները: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով փոքր ընկերությունների համար նախատեսված էր 50 տոկոսի չափով գումարի վերադարձ վերապատրաստման համար, իսկ խոշորների պարագայում՝ 25 տոկոս:
Փոփոխություններ են կատարվել նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում: «Օրինակ՝ առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափը նախագծով առաջարկվող 2 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս»,-ասաց նախարարը:
Այս պահին շրջանառության հարկը 5 տոկոս է, առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր այն նվազեցնել՝ հասցնելով 2 տոկոսի: