ՀՀ կառավարությունը հավելյալ լիազորություններով օժտեց Երևանի քաղաքապետին

ՀՀ կառավարությունը հավելյալ լիազորություններով օժտեց Երևանի քաղաքապետին

ՀՀ կառավարությունն որոշեց Երևանի քաղաքապետին տալ հավելյալ լիազորություններ: Դա անհրաժեշտ է «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր կնքելու և, արդյունքում, Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում թվով 2 գույքային միավորի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու համար:

Պայմանագրի կնքումից հետո տարածքի խարխուլ, վերականգնման համար անպիտան շինությունները կքանդվեն, կստեղծվի «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:

« Հաշվի առնելով արդեն իսկ հաստատված քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և այն հանգամանքը, որ Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում թվով մոտ 151 գույքերից մեծ մասը արդեն իսկ օտարված է և նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի մի մասը արդեն իսկ իրականացված է, ուստի այն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է օտարել տարածքում առկա դեռևս չօտարված գույքերը, այդ թվում նաև վերը նշված 2 միավոր գույքերը, որի համար առաջարկվում է լիազորել Երևանի քաղաքապետին նշված ընկերության հետ կնքել Օրենքի 7- րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանագիրը:

Ակնկալվող արդյունք պայմանագրի կնքումից հետո հնարավոր կլինի նշված 2 միավոր գույքերի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ՝ միաժամանակ տալ իրավական ռեժիմ վերը նշված դեպքերով առաջացող հանգամանքներին՝ ձեռքբերող ճանաչելով «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությանը և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը և հնարավորություն կստեղծվի կորցված և քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր»,- ասված է հիմնավորման մեջ: