2025 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,6 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ

2025 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,6 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ

2025 թվականի բյուջեի ծրագրում նախանշված մակրոտնտեսական կանխատեսումներն արտացոլում են նախորդ տարիների տնտեսական բարձր աճի գործոնների ազդեցությունների աստիճանական չեզոքացումը եւ երկարաժամկետ կայուն գործոնների վրա հիմնված տնտեսական աճի ձեւավորումը: Այս մասին խորհրդարանում հարակից ելույթով ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը:

ԿԲ նախագահի խոսքով 2025 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,6 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ՝ շեշտադրելով հարկաբյուջետային եւ պարտքի կայունության, ինչպես նաեւ տնտեսական ներուժի վերջին տարիների ձեւավորված մակարդակի պահպանումը: Գնահատվում է, որ 2025 թվականի տնտեսական աճի նպատակադրված մակարդակի ապահովման հրամայականը կդառնա տնտեսական ներուժի պահպանման եւ աճի ավելացման համար անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացումը: «Այդուհանդերձ 2025 թվականին ՀՀ կառավարության նպատակադրած տնտեսական աճի ապահովվումն էապես կախված կլինի ներդրումային միջավայրի բարելավվման ու արտահանման խթանմանն ուղղված, ինչպես նաեւ ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրերի ամբողջական ծավալներով ու սահմանված ժամկետներում իրականացման կարողություններից ու արդյունքներից»,- նշել է Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահի գնահատմամբ ստեղծված աշխարհաքաղաքական եւ տնտեսական անորոշությունների պայմաններում առկա են էական ռիսկեր տնտեսական ներուժը պայմանավորող գործոնների կայունությամբ եւ տնտեսական հեռանկարների հնարավոր սցենարների տեսանկյունից: Այս համատեքստում Մարտին Գալստյանի համար ողջունելի է, որ 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի ծրագրում դիտարկվել են դրա հիմքում դրված հիմնական կանխատեսումներից հնարավոր շեղումների հետ կապված ռիսկերն ու անորոշությունները: Գնահատվել է դրանց ի հայտ գալու պարագայում բյուջեի հոսքերի ու հարկաբյուջետային քաղաքականության շրջանակի ճշգրտման ուղղությունները:

ԿԲ նախագահի դիտարկմամբ բյուջեի նախագծով նախանշված տնտեսական աճի, օրենսդրական բարեփոխումների, հարկային վարչարարության բարելավման եւ իրականացվող հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում 2025 թվականի համար ծրագրավորվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ընթացիկ տարվա սպասվող ցուցանիշի համեմատ 0,7 տոկոսային կետով աճ, որի արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 25 տոկոսը: Գնահատվում է, որ 2025 թվականի ՀՀ բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա հիմնականում կունենան զսպող ազդեցություն: Նախանշված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2025 թվականին Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի մեծ չափով` 3,2 տոկոսային կետով եւ կկազմի 53 տոկոս: Հարկ է նշել, որ միջնաժամկետում` բյուջեի պակասուրդի մակարդակի նվազմանը համահունչ, պարտքի աճի տեմպը եւս կնվազի եւ Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկայունանա` 54,6 տոկոսի շրջանակում:

«Պարտքի կայունության ապահովման, Կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից կարեւոր է շեշտադրել սեփական միջոցների հաշվին պետական ծախսերի իրականացման, ինչպես նաեւ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համատեքստում պարտքի կառավարման համարժեք եւ արդյունավետ ռազմավարության կիրառումը»,- ընդգծել է Մարտին Գալստյանը: