Պետական կառավարման համակարգը չի խուսափում հարմարավետության գոտուց դուրս գալուց, ծախսերը կրճատվում են. Ֆինանսների նախարար

Պետական կառավարման համակարգը չի խուսափում հարմարավետության գոտուց դուրս գալուց, ծախսերը կրճատվում են. Ֆինանսների նախարար

Կառավարությունը հաջորդ տարի կրճատում է պետական կառավարման համակարգի ծախսերի 4 տոկոսը:

Այս մասին ընդգծեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ լիագումար նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը: «2025 թվականի համար ունենք հստակ ձևակերպված խնդիր՝ գալիք բյուջետային տարում պետք է կոնսոլիդացնել ուժերը և ապահովել կառավարության ծրագրի էական առաջընթաց՝ խնայելով հնարավորության սահմաններում և ֆինանսավորելով այն ծրագրերը, որոնք միտված են երկարաժամկետ հեռանկարում ՀՀ անվտանգությունը, քաղաքացիների կենսամակարդակը երաշխավորելուն, ինչպես նաև տնտեսության ներուժի ընդլայնմանը նպաստելուն»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա համոզված է, որ 2025 թվականի բյուջեի հաջող կատարման արդյունքում ևս մեկ անգամ արձանագրվելու է, որ այս կառավարությունը լավագույնս է հաջողել իր ծրագրային խոստումներին հավատարիմ մնալու հարցում:Նախարարը հիմնավորեց  նաև, թե ինչու է կառավարությունը կարևորում ծախսերի արդյունավետության բարձրացումը:

«Տնտեսությունը թևակոխել է մի փուլ, որի ընթացքում տնտեսական աճի և դրանից գեներացվող եկամուտների աճի տեմպերը դեպի որոշակի բնականոն մակարդակներ վերադառնալու միտում ունեն: Այս պայմաններում մենք պետք է մեր հասարակության յուրաքանչյուր միավոր վճարած հարկերն ավելի մեծ խնամքով ու խոհեմությամբ ծախսենք՝ զուգահեռ ջանքեր գործադրելով ստվերի նվազման վերջին տարիների անշեղ ընթացքը պահպանելու  ուղղությամբ:

Միայն այն, որ 2025 թվականին կառավարությունը կրճատում է պետական կառավարման համակարգի ծախսերի 4 տոկոսը, արդեն իսկ վկայում է, որ մենք չենք խուսափում դուրս գալ մեր հարմարավետության գոտուց և առաջին հերթին ինքներս մեզ ենք արդյունավետության և արտադրողականության բարձրացման հայտ ներկայացնում»,-ասաց Հովհաննիսյանը: