Եղեգնաձորում աշխատանքների մասին՝ համառոտ
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը: Դրանք ընդգրկել են հիմնականում հետևյալ ոլորտները՝ փողոցների ասֆալտապատում և մայթերի բարեկարգում, փողոցների լուսավորության ցանցերի կառուցում, հուշահամալիրների/ հուշակոթողների տարածքների կառուցում կամ բարեկարգում, խմելու ջրի ջրամատակարարման ցանցի վերակառուցում և այլն։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ասֆալտապատվել են Եղեգնաձոր քաղաքի Գլաձորյան փողոցի 380 մ , Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքի 210 մ, Մոմիկի փողոցի 1-ին նրբանցքի 270 մ հատվածները, Կոմիտաս և Մյասնիկյան փողոցները:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 167 463 970 ՀՀ դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 45 %, իսկ համայնքի ներդրումը՝ 55 %։
Մեկ այլ ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել են Եղեգնաձորի Միկոյան 5, Մոմիկի 2 և 6, Սպանդարյան 2 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը՝ 90 855 100 ՀՀ դրամ արժողությամբ Կառավարություն 45 % և համայնք 55 % համաֆինանսավորմամբ։
Ասֆալտապատվել են Եղեգնաձոր համայնքի Մալիշկա և Գետափ բնակավայրերի ներհամայնքային փողոցները՝ նպաստելով ներհամայնքային երթևեկության բարելավմանը: Ծրագրերի ընդհանուր արժեքները կազմել են համապատասխանաբար 364 853 000 և 264 251 000 ՀՀ դրամ։ Երկու ծրագրերի դեպքում էլ Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 45 %, իսկ համայնքի ներդրումը՝ 55 %։
Կառուցվել է Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր, Գլաձոր և Գետափ բնակավայրերի մի շարք ներհամայնքային փողոցների համար լուսավորության ցանց։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 196 757 720 ՀՀ դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 55%, իսկ համայնքի ներդրումը՝ 45%։
Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի ջրամատակարարման ցանցի վերակառուցման աշխատանքներ են կատարվել՝ 101 288 770 ՀՀ դրամի արժողությամբ ծրագրի շրջանակներում։ Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 65 %,իսկ համայնքի ներդրումը՝ 35 %։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կատարվել են Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի ջեռուցման համակարգի կառուցման և մասնակի վերանորոգման, Եղեգնաձոր բնակավայրի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի բակի բարեկարգման աշխատանքներ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 54 856 922 ՀՀ դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 70 %, իսկ համայնքի ներդրումը՝ 30 %։
Իրականացվել են Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերի 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների, Եղեգնաձոր
բնակավայրի 1941-1945թթ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների և Դ. Դեմիրճյանի անվան զբոսայգում գտնվող Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրների կից տարածքների բարեկարգման աշխատանքներ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 55 338 680 ՀՀ դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 40 %, իսկ համայնքի ներդրումը՝ 60 %։
2024 թվականին հաստատվել է 1 սուբվենցիոն ծրագիր՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Վարդան Զորավար փողոցի բարեկարգում և ասֆալտապատում: Այժմ ընթանում են հողաշինական աշխատանքներ։