Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց ՀԾԿՀ նախագահի թեկնածու

Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց ՀԾԿՀ նախագահի թեկնածու

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահված է կառավարությանը: «Նախագծով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը»,-ասաց Հարությունյանը:

Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն առաջադրելու և ցուցաբերած վստահության համար: Նա հավաստիացրեց, որ ԱԺ-ի կողմից հավանություն ստանալու և այդ պաշտոնում նշանակվելու դեպքում իր ողջ մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային փորձը ներդնելու է հանձնաժողովի բնականոն աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար: 

Մեսրոպ Մեսրոպյանին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու հարցը կքննարկվի և կքվեարկվի խորհրդարանում։ 

Մեսրոպ Մեսրոպյանը 2020-2021 թվականներին զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը։ 

Գարեգին Բաղրամյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 18-ից նրա լիազորությունները դադարել էին: