Էներգետիկներ՝ դեռահասների սննդակարգում. առողջապահության նախարարության ահազանգը
ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է երեխաների սննդակարգում էներգետիկ ըմպելիքների վնասների մասին։ Ըստ կառույցի, դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2022 թվականի հետազոտության տվյալներով՝ Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։
«Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։ Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան»,– ասված է հաղորդագրությունում։
ԱՆ–ն զգուշացնում է, որ էներգետիկ ըմպելիքները վնասակար ազդեցություն են ունենում, որոնցից են` զարկերակային ճնշման բարձրացումը, սրտի աշխատանքի արագացումը, տագնապի զգացողությունը, անհանգստությունը, քնի խանգարումը, անքնությունը, ջրազրկումը, ծայրահեղ դեպքերում` մինչև սրտի ռիթմի խանգարումը, երիկամների սուր անբավարարությունը, ցնցումները։
Նախարարությունը նաև հայտնում է, որ նմանատիպ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր։