«Մեր երեսն ավելի պինդ է». Գեղարքունիքում պակասել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը

«Մեր երեսն ավելի պինդ է». Գեղարքունիքում պակասել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը

Գեղարքունիքի մարզում զգալիորեն նվազել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

«Արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, ըստ նախորդ տարվա տվյալների, մոտ 5000-ով պակասել է»,– նշեց նա` հավելելով, որ այս տարվա տվյալները դեռ չեն ամփոփվել։ Նրա խոսքով՝ այսօր մարզում նույնիսկ աշխատուժի պակաս կա, ու պատճառը քիչ աշխատավարձը չէ։

«Ցավոք, վատ «ավանդույթներն» էլ իրենց տեղն ունեն, ոմանք, օրինակ, նախընտրում են չաշխատել նպաստից չկտրվելու համար։ Արտագնա աշխատանքի մեկնելն էլ շատերի համար տարիներով արմատավորված սովորություն է»,– հավելեց մարզպետը։

Ըստ Սարգսյանի` Գեղարքունիքում ակտիվացել է ներքին միգրացիան շատերը, օրինակ, աշխատում են Երևանում կամ երևանամերձ մարզերում, բայց ընտանիքները գյուղերում են մնում (արտագնա աշխատանքի դեպքում էլ պատկերը նույնն է, անգամ դրսում աշխատած գումարները մարդիկ էլի գյուղերում են ներդնում, տները վերանորոգում)։

Մարզպետի խոսքով՝ վերջին 2 տարիների ընթացքում մարզում 2 տասնյակից ավելի մասնավոր ներդրումային ծրագրեր են իրականացվել՝ 20 միլիարդից ավելի ընդհանուր արժողությամբ։ Ներդրումները հիմնականում տուրիզմի ոլորտում են և ջերմոցային տնտեսություններում։ Այս ծրագրերի արդյունքում ստեղծվել են ավելի քան 300 մշտական աշխատատեղեր։

«Ջերմոցները հիմնականում Սևան խոշորացված համայնքում են՝ հաշվի առնելով գազի մատակարարման բարձր թողունակությունը։ Մենք նախկինում մտածում էինք, որ մեր մարզը ջերմոցային տնտեսությունների համար այնքան էլ հարմար չի լինի՝ հաշվի առնելով ձմռան երկար լինելը, բայց պարզվում է՝ մեր մարզն ավելի բարենպաստ է ջերմոցային տնտեսություն ունենալու համար՝ ծովի մակերևույթից բարձր լինելը, ուլտրամանուշակագույն ճառագայթների ընդունելը և այլն»,- նշում է մարզպետը։

Նրա խոսքով՝ զբոսաշրջային հոսքն էլ վերջին տարիներին դրական ցուցանիշներ է գրանցում։ Այսօր տարբեր ծրագրեր են իրականացվում մարզի գրեթե բոլոր 98 բնակավայրերում։ Առաջնահերթությունը սահմանամերձ գյուղերին է տրվում՝ փորձելով դրանցում բնակվելու պայմանները բարելավել ու մոտեցնել ոչ սահմանային բնակավայրերին։

«Առաջնահերթությունների ցանկ ունենք, որոնք լուծելով առաջ ենք գնում։ Առաջին հերթին` խմելու ջուր, ոռոգման համակարգ, որ կարողանան իրենց ունեցած պոտենցիալը՝ վարելահողերը օգտագործել և հավելյալ արժեք ստեղծել, դրանից հետո ճանապարհաշինություն, լուսավորություն, մանկապարտեզ»,- նշեց մարզպետը։

Սոթք

Ծրագրերից շատերն իրականացվում են Սոթքում՝ հաշվի առնելով նաև բնակչության թիվը։ Սահմանամերձ Սոթքը, որտեղ այսօր 920 մարդ է ապրում, Վարդենիսի տարածաշրջանի խոշոր բնակավայրերից է։ Վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ նաև Սոթքն ու հարևան մի քանի գյուղերն էին հայտնվել թշնամու գնդակոծությունների թիրախում, շուրջ 100 մարդ հեռացավ գյուղից։ Գյուղում մի քանի արցախցի ընտանիք է ապրում, բայց բոլորն էլ 2020թ․-ի եկածներ են։ 2023թ․-ին Արցախի բռնի տեղահանությունից հետո Սոթքում որևէ արցախցի չմնաց։ Գյուղի դպրոցն այսօր 130 աշակերտ ունի, մանկապարտեզ 24 երեխա է հաճախում։
«Խնդիրներ կան, բայց քիչ-քիչ  առաջ ենք գնում»,- ասում է վարչական ղեկավարը։

Ամբողջությամբ՝  аrm.sputniknews.ru