Տնտեսական աճի և աղքատության միջև փոխառնչությունները Հայաստանում և սպասվող ռիսկերը
Վերջին տարիներին աշխարհում նկատվող տնտեսական երևույթները` պարենային անապահովություն, կլիմայական փոփոխություններ, պոստկովիդյան խաթարումներ, որոնք ուղեկցվում են մեծ անորոշություններով, 2023թ. առավել ցցուն դարձրեցին տնտեսական մի այնպիսի երևույթ, ինչպիսին անհավասարությունն է: Հասարակության անդամների միջև անհավասարության դրսևորման անմիջական ցուցիչը աղքատության մակարդակն է: Այն շարունակում է մտահոգել առաջադեմ մարդկությանը, կառավարություններին և հանրույթներին: Դա 21-րդ դարի ամենախոցելի տնտեսական երևույթն է ու լի է բազում վտանգներով:
Բազմաճգնաժամային իրավիճակներից բխող այս մարտահրավերներին գումարվում են աշխարհաքաղաքական անհամաձայնություններն աշխարհի տարբեր անկյուններում, փախստականների չդադարող հոսքերը, գրեթե բոլոր երկրներում տնտեսական աճի դանդաղումը, ժողովրդագրական, գործազրկության, բնակչության կրթության, առողջության մակարդակի և այլ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ: Ավելին, աղքատության երևույթն իր ամենածանր հետևանքներով լի ազդեցությունն է գործում հասարակության անդամների արժեհամակարգի խաթարումների ու նրանց կյանքի որակի վրա:
Բնականաբար, այս խորապատկերին, միջազգային կառույցների, առաջադեմ երկրների կողմից աղքատության նվազման դեմ իրականացվող բազմաշերտ ու բազմաբնույթ միջոցառումներին զուգահեռ, բնակչության կենամակարդակը բնութագրող ցուցանիշների համակարգում աղքատության մակարդակը շարունակում է պահպանել որոշ անհանգստացնող հորիզոնականներ:
Այսպես, ԱՄՆ-ում 2022թ. 37,9 մլն մարդ՝ բնակչության մոտ 11,7%-ը, գտնվել է աղքատության շեմից՝ $29,678 (չորս հոգանոց ընտանիքի համար) ցածր: Ֆրանսիայում բնակչության 14,5%-ն ապրում է աղքատության շեմից ցածր: Եվրամիությունում՝ 2022թ. 95,3 միլիոն մարդ (բնակչության 22%-ը) գտնվում է աղքատության կամ սոցիալական մեկուսացման վտանգի ներքո, այսինքն նրանք ապրում են տնային տնտեսություններում, որոնք բախվում են աղքատության և սոցիալական մեկուսացման երեք ռիսկերից առնվազն մեկին: Ընդ որում նշենք, որ Covid-19 համավարակից հետո գրեթե ամբողջ համաշխարհային տնտեսության մեջ, նաև վերոնշյալ երկրներում աղքատության մակարդակի նվազման էական փոփոխություններ գրեթե չեն արձանագրվել։
։
Ավելորդ չենք համարում այս համատեքստում հիշատակել մեր՝ ավելի վաղ հնչեցրած գնահատականը, որ «եթե 2017թ. աշխարհի բնակչության 9.2%-ը կամ 689 միլիոն մարդ աղքատության մեջ էր ապրում, ապա համավարակի (COVID-19, հեղ․) ազդեցությամբ 2020թ. 71-ից մինչև 100 մլն մարդ ևս կհայտնվի ծայրահեղ աղքատության մեջ»: 21-րդ դարում ձևավորվել է աղքատ մարդկանց մի ստվար խումբ, որոնց անվանում են «նոր աղքատներ»: «Նոր աղքատներ»-ն այն մարդիկ են, ովքեր աղքատության տիրույթում հայտնվեցին համավարակի ազդեցությամբ, մինչդեռ մինչհամավարակային զարգացումների տրամաբանությամբ նրանք գտնվելու էին աղքատության շրջանակներից դուրս»: Ավելին, Համաշխարհային բանկի հրապարակումներում նշվում է, որ հետկովիդյան ժամանակահատվածում «…աղքատության դեմ պայքարը կանգ է առել»:
Կնշանակի, ծայրահեղ աղքատության հիմնախնդիրն աշխարհում դեռևս համաշխարհային տնտեսության գլոբալ հիմնախնդիրներից ամենաանհանգստացնողն է ու հրատապ լուծումներ պահանջողը: Հավելենք, որ հետկովիդյան ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության մեջ դանդաղել են նաև տնտեսական աճի տեմպերը: Այսպես, 2023թ. համաշխարհային տնտեսական աճը կազմել է 2,6%՝ 2022թ. 3,0%-ի համեմատ, իսկ 2024թ. համաշխարհային տնտեսական աճը ցուցաբերելու է է՛լ ավելի նվազման միտում, կանխատեսվում է 2,4%:
Վերոնշյալ հարցադրումների շրջանակներում հետազոտության թեման խիստ արդիական է և պահանջում է հրատապ լուծումներ այն պարզ պատճառով, որ աղքատության հիմնախնդիրն իր սոցիալական աղետալի հետևանքներով հատկապես բազմաշերտ շղթայական դրսևորումնով է ներկայանում հատկապես զարգացող երկրներում:
Հայաստանի Հանրապետությունն անմասն չէ նման զարգացումներից:
Մեր կողմից կատարված հետազոտության հիմնական նպատակը ՀՀ–ում աղքատության մակարդակը բնութագրող ցուցանիշների և երկրում տնտեսական աճի միջև փոխառնչությունների վիճակագրական համալիր վերլուծությունն է ու առկա հիմնախնդիրների բացահայտումը:
Հետազոտության նպատակից բխում եմ մի շարք խնդիրներ.
- Հետազոտել վերջին մի քանի տարիների ընթացքում (2019-2022թ.թ.) ՀՀ-ում աղքատության մակարդակը բնութագրող ցուցանիշների շարժընթացը: (Տարիների ընտրությունը պայմանավորված է հետազոտվող ժամանակաշրջանում ցուցանիշների համադրելիությամբ):
- Հետազոտել նույն ժամանակահատվածում ՀՀ տնտեսական աճի շարժընթացը և ներկայացնել տնտեսական աճի կառուցվածքային փոփոխությունների վրա ազդող հիմնական գործոնները։
- Բացահայտել աղքատության մակարդակի և տնտեսական աճի միջև կորելացիոն կախվածությունները։
- Բացահայտել աղքատության և տնտեսական աճի միջև փոխառնչություններում առկա հիմնախնդիրները և ներկայացնել դրանց լուծման հնարավորությունները:
Խնդրի լուծման նորույթը նրանում է, որ Հայաստանի Հանրապետությունում նշյալ տարիներին արձանագրվող տնտեսական աճի (բացառությամբ 2020թ.) և աղքատության ցուցանիշների միջև դրսևորվում են ո՛չ էական, ո՛չ ներառական կախվածություններ: Ուստիև, այս շրջանակներում իրականացվող հետազոտությունները կարող են այս կամ չափով իրատեսական դարձնել նման գլոբալ խնդրի լուծման թե՛ անհրաժեշտությունը, և թե՛ հնարավորությունները:
Հոդվածն ամբողջությամբ` regst.wordpress.com