ՍԱՏՄ. Անվտանգության ռիսկերի գնայհատման արդյունքում 2024թ արգելվել է թռչնամսի ու խոզի մսի խմբաքանակները ներկրումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախորդ տարի սկսել և արդեն մեկ տարի է իրականացնում է ՀՀ ներմուծված կենդանական ծագման մթերքների, միրգ-բանջարեղենի ու այլ սննդամթերքների և RASFF համակարգում (Եվրամիության սննդամթերքի և կերի արագ արձագանքման համակարգ) հրապարակված վտանգների վերաբերյալ տեղեկատվության համադրման և սննդամթերքի անվտանգության ռիսկերի վերլուծության աշխատանքներ:
(RASFF-ը 1979 թվականին ստեղծված համաշխարհային հասանելի համակարգ է, որի կայքում զետեղվում է RASFF անդամ և ոչ անդամ երկրների ներմուծումների, արտահանումների և տարանցիկ փոխադրումների գործընթացի լաբորատոր վերահսկողության արդյունքում սննդամթերքների և կենդանիների կերերի ռիսկայնության, կենսաբանական, քիմիական և ֆիզիկական վտանգների արձանագրման հաճախականության, տեսակների, սահմանային սահմանափակումների վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվություն: Հիմնադիր անդամներն են Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները և Միացյալ Թագավորությունը):
RASFF վերլուծության կիրառումը տեսչական մարմնին տալիս է սահմանային պետական վերահսկողություն իրականացնելու օժանդակ գործիքակազմ՝ թիրախավորելով բարձր հավանականության վտանգները և նեղացնելով փորձաքննությունների շրջանակը, այդպիսով խնայելով տնտեսական և մարդկային ռեսուրսներ:
2024թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՍԱՏՄ-ի կողմից սահմանային պետական վերահսկողության գործընթացում RASFF վերլուծության կիրառության արդյունքում արգելվել են թռչնամսի ներմուծումը Բրազիլիայից (10214 կգ), ԱՄՆ-ից (52969 կգ), խոզի սառեցված ճարպի ներմուծումը Իտալիայից (25000 կգ)։
Համաձայն RASFF հրապարակված վտանգների վերաբերյալ տեղեկատվության` 2024 թվականի հուլիսին ՀՀ ներմուծված սննդամթերքի տեսակներից առանձնացվել են 8 երկրների 4 տեսակի կենդանական ծագման սննդամթերքներ և կենդանական կեր, որոնց մեջ հայտնաբերվել են քիմիական (թունաքիմիկատների և պեստիցիդների մնացորդային քանակների գերազանցում) և կենսաբական (վարակիչ հիվանդությունների հարուցիչներ) վտանգներ:
Ըստ այդմ՝ կենդանական ծագման սննդամթերքներում բարձր է կենսաբանական վտանգների հաճախականությունը՝ 76% (ամենաբարձր հաճախականություն ունեն լիստերիաները՝ 42% և սալմոնելաները՝ 37%, E.coly բակտերիաները` 11%: Համեմատաբար ցածր հաճախականություն է արձանագրվել ստաֆիլակոկերի՝ 5% և անիսակես պարազիտների՝ 5%, դեպքում):
Համեմատաբար ցածր հաճախականություն ունեն քիմիական վտանգները՝ 24%:
Ի հակադրություն կենդանական ծագման մթերքների՝ ներմուծված միրգ-բանջարեղենի և այլ սննդամթերքի դեպքում քիմիական վտանգների հաճախականությունը 96,6% է, կենսաբանական վտանգներինը՝ 3,4%:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ առավելագույն բարձր-ռիսկային սննդամթերքներ Հայաստան արտահանել են Ֆրանսիան (կաթ-կաթնամթերք, ձուկ-ձկնամթերք՝ 30%), Իտալիան (կաթ-կաթնամթերք, միս-մսամթերք, ձուկ-ձկնամթերք՝ 25%), Հնդկաստանը (միրգ-բանջարեղեն, ընդեղեն 23%), Թուրքիան (միրգ-բանջարեղեն՝ 23%) և ԱՄՆ-ն (սննդային հավելում, ընկույզ` 14%):
Ռիսկային սննդամթերքը Հայաստան ներմուծելուց, ոչնչացման կամ հետ վերադարձի հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով` տնտեսվարողներին առաջարկում ենք նախապես այցելել Եվրամիության սննդամթերքի և կերի արագ արձագանքման համակարգի (RASFF) պաշտոնական կայք և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ https://webgate.ec.europa.eu/rasff-window/screen/search):
Հարցերի կամ տեղեկատվություն փոխանցելու համար կարող եք զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին 118 շուրջօրյա անվճար հեռախոսահամարով: