Զարգացման նոր հնարավորությունները հայկական ստարտափների համար

Զարգացման նոր հնարավորությունները հայկական ստարտափների համար

Կայացավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի առաջին փուլը հաղթահարած բոլոր ընկերությունների համար (48 ընկերություն) իրականցվող «Աքսելերացիոն ծրագրի» պաշտոնական մեկնարկի արարողությունը:  

«Աքսելերացիոն ծրագրի» նպատակը ստարտափերի հեղինակներին՝ իրենց գաղափարներն առևտրայնացնելու և տնտեսությունում նոր արժեք ստեղծելու հնարավորության ընձեռումն է։  

«Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու, որը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը։ Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 290 000 000 դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթում հաղթած ընկերությունների միջև, յուրաքանչյուրին՝ մինչև 10 000 000 դրամ։  

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ իրենց գերատեսչության համար շատ կարևոր է ավելի զարգացնել ստարտափ էկոհամակարգը Հայաստանում և հնարավորություն տալ մասնագիտացված ընկերություններին ու թիմերին տեղ գտնել միջազգային շուկաներում, լինել նաև առաջատարներ՝ որոշ գաղափարներ կյանքի կոչելու առումով։  

«Գաղափարից դեպի բիզնես և շուկայի փուլ տանող այս ծրագիրն իրականացվում է մի քանի տարի ԲՏԱ նախարարության կողմից։ Այն բաղկացած է երկու փուլից՝ գաղափարի և պրոդուկտի։ Քանի որ շատ քիչ վենչուրային ընկերություններ են ներդրումներ կատարում գաղափարի փուլում գտնվող ստարտափներում, հետևաբար մեզ համար շատ կարևոր է ոլորտի հետևողական զարգացումը, որպեսզի ստարտափները հետագայում դառնան ավելի գրավիչ։  Փորձը ցույց է տալիս, որ այն ընկերությունները, որոնք օգտվել են գաղափարի փուլից և նախարարությունից ստացել են դրամաշնորհ, այս տարի դիմել են արդեն պրոդուկտի և շուկա դուրս գալու փուլի համար։ Դա նշանակում է, որ կա զարգացում, ինչն ուրախալի է։ Սա շարունակական գործընթաց է, որն իրականացվում է թե՛ ԲՏԱ նախարարության, թե՛ շատ այլ կազմակերպությունների կողմից, որոնք անցկացնում են մրցույթներ ու աքսելերացիաներ»,-ասաց Սիմոնյանը։

ԲՏԱ փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջին անգամ է, ինչ իրենք որոշել են առաջին փուլն անցած 48 ստարտափ ընկերություններին տրամադրել հնարավորություն՝ անցնելու աքսելերացիա։  

«Դեռ հայտնի չէ, թե ովքեր կհաղթեն արդյունքում, բայց մենք կարծում ենք, որ բոլորին պետք է տալ հնարավորություն անցնել այս փուլով։ Նման միջոցառումները տալիս են լավ հնարավորություն՝ ձեռք բերելու  նոր գիտելիքներ, և եթե նույնիսկ որոշ ընկերությունները չհաղթեն, միևնույն է, կունենան գիտելիքի պաշար, ինչը կկարողանան օգտագործել այլ միջոցառումներում։ Մենք կարևորում ենք աքսելերացիան, որովհետև իրականում տեսնում ենք, որ կա մեր ստարտափներին խանգարող մի խնդիր՝ սեփական բրենդն ու պրոդուկտները ներկայացնելու առումով։ Իրականում նրանք ստեղծում են բավականին հետաքրքիր պրոդուկտներ, ներկայացնում լավ գաղափարներ, սակայն բախվում են մի խոչընդոտի, որի պատճառով չեն կարողանում դրանք վաճառել ու դառնալ իրենց ստեղծած բրենդի կրողը՝ չունենալով համապատասխան կապեր ու հնարավորություններ պայմանագրերի տեսքով, ուստի այս մասով պետք է դեռ աշխատենք»,- նշեց Սիմոնյանը։ 

Նա ասաց, որ ԲՏԱ նախարարությունը խրախուսում է ստարտափների մասնակցությունը տարաբնույթ վարժընթացներին, որպեսզի նրանք հետագայում կարողանան ճիշտ ներկայացնել սեփական գաղափարներն ու վաճառել շուկայում։  

«Գործք» ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանն իր հերթին ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ 2022 թվականից ի վեր ԲՏԱ նախարարության հետ իրենք իրականացնում են համատեղ աշխատանք՝ ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի շրջանակում դասընթացների կազմակերպման մասով, և արդեն շուրջ 46 կազմակերպության 92 ներկայացուցիչ անցել են ծրագիրը։ 

«Մենք տեսնում ենք նրանց գործունեության արդյունավետությունը, միջազգային շուկա մտնելու դեպքերը։ Գնահատականներն ակնհայտ են։ Շնորհակալ ենք ԲՏԱ նախարարությանը՝ տվյալ ծրագիրը ներդնելու և հետևողականորեն առաջ տանելու համար։ Ես՝ որպես կազմակերպության և կազմակերպիչ թիմի ղեկավար, պատրաստակամություն եմ հայտնում աշխատել յուրաքանչյուր ստարտափի հետ և ստիպել մեր աշխատակազմին՝ լինել ավելի ուժեղ ու հետևողական, որպեսզի ապահովվի անհրաժեշտ արդյունավետություն։ Պետական բարձր աջակցությամբ իրականացվող այս ծրագրի արդյունքն այն է, ինչ բոլորս երազում էինք, ուստի կոչ եմ անում բոլորին ակտիվորեն մասնակցել դասընթացներին և պահանջել առավելագույնը հենց մեր թիմից»,- ասաց Սարգսյանը։            

«Աքսելերացիոն ծրագրի» մասնակից, «Մոնիթի» ստարտափի հիմնադիր Վարդան Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ստարտափը ստեղծվել է փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու համար, որոնք ցանկանում են անցնել առցանց առևտրի և դրա կազմակերպման համար փնտրում են միասնական գործիքակազմ։