Մինչև տարեվերջ տրանսպորտային համակարգից հնարավոր կլինի օգտվել բանկային քարտերով
Մինչև այս տարվա վերջ Երևանի տրանսպորտային համակարգից հնարավոր կլինի օգտվել նաև քարտային համակարգով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի քաղաքապետն ասաց, որ այսօր հանդիպել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ և քննարկել միասնական տոմսային համակարգի լիարժեք ներդրմանն ընդառաջ տրանսպորտից բանկային քարտերով օգտվելու հնարավորությունը։
«Խոսակցության բովանդակությունն այն էր, որ վերջնական պայմանագրային դրույթներ էին երաշխավորում, որոնք վերաբերում են մարդկանց տվյալների անվտանգությանը։ Հուսով ենք, որ 10 օրվա ընթացքում խնդիրը լուծված կլինի, և դրանից հետո հնարավորություն կունենանք բանկային քարտով վճարումներ կատարելու այդ նույն տերմինալներից»,–ասաց Ավինյանը։
Նրա խոսքով` շուտով թողարկվելու են նաև My fare տրանսպորտային քարտերը, որոնք դառնալու են անվանական։ Լինելու են տարբեր խմբեր, որոնք օգտվելու են զեղչային համակարգերից։
Անդրադառնալով այսօրվանից մեկնարկած փոփոխություններին, ըստ որոնց` տրանսպորտից հնարավոր է օգտվել միայն 100 դրամանոց մետաղադրամով կամ QR կոդով, Ավինյանը նշեց, որ շատ կարևոր էր գործընթացը սկսել մինչև հունվարի 1–ը` միասնական տոմսային համակարգի բուն ներդրումը։
«Մենք սկսել ենք այս գործընթացը 2 ամիս շուտ, որպեսզի բացահայտենք բոլոր հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ, որպեսզի հունվարի 1–ից փաստի առաջ չկանգնենք։ Այսօրվա արձանագրված խնդիրները մեզ համար աշխատանքի ուղղություններ են, որոնց միջոցով ճշտումներ կիրականացնենք»,–ասաց քաղաքապետը։
Անդրադառնալով գրանցված խնդիրներին, Ավինյանը նշեց, որ գրանցել են բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ պարզապես չեն վչճարել։ Նրա խոսքով` նման դեպքերում որոշակի կանխարգելիչ մեթոդներ են կիրառելու։