Ռադիոլուր․ Բիզնեսը կարո՞ղ է հանրային գերակա շահ համարվել․ քննարկումը դեռ շարունակվում է
Հյուսիսային պողոտա, Օղակաձև զբոսայգի, Սախարովի հրապարակի հարակից տարածք, Ֆիրդուսի թաղամաս, «Հայֆիլմ» կինոստուդիա․ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս տարածքներին միավորողը կարգավիճակն է։ Դրանք ձևավորել են հանրային գերակա շահն ընդդեմ մասնավոր շահի պրակտիկան։
Թվարկված գրեթե բոլոր տարածքների օտարումն ուղեկցվել է հանրային բողոքներով, քննարկումներով, հաճախ նաև դատական գործընթացներով։ Բազմաթիվ դատական գործերից ոչ մեկով, սակայն, իրավունքների վերականգնման նախադեպային որոշում չկա։
Սեփականության իրավունքի պաշտպանության լիարժեք հայեցակարգ չունենք՝ ասում է ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը․ «Պետք է ունենանք սեփականության իրավունքի դադերացման կամ ավելի ճիշտ՝ սեփականության իրավունքի պաշտպանության հայեցակարգ։ Հայեցկարգը կլինի այն մասին, թե պետությունը ինչպե՞ս է որոշում սեփականությունը պաշտպանել։ Բնականաբար դա պետք է հիմնաված լինի արդեն գոյություն ունեցող ժողովրդավարական փորձի, սահմանադրական դատարանի որոշումների վրա։ Պետք է փորձենք կառուցել օրենսդրությունը այնպես, որ չունենանք այնպիսի հարց, թե սեփականության իրավունքի դադարեցմում հնարավո՞ր է, թե՞ ոչ»։
Գերակա հանրային շահի նպատակով սեփականության օտարմանն առնչվող օրենսդրական բացերից ամենածանրակշիռը «հանրային գերակա շահ» կապակցության իրավական ստուգաբանության բացակայությունն է։
Օրենքը բացատրում է սեփականության՝ գերակա շահ ճանաչելու սկզբունքները, նպատակը, բայց սահմանում չունի՝ ասում է իրավաբան Վարդուհի Ալեքսանյանը․ «Եվ մեր առաջարկն է, որ կամ պետք է լրացնել հոդված 4-ը կամ առանձին հոդված ունենալ, որը կտա հանրային գերակա շահի սահմանումը, ինչպես նաև կստեղծվեն հատուկ մեթոդական հրահանգներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասկանալ՝ արդյոք այս սեփականությունը կարո՞ղ է դիտարկվել հանրային գերակա շահ, թե՞ ոչ»։
Գերակա շահ ճանաչված և օտարված բոլոր սեփականությունները օգտագործվել են քաղաքաշինական, ընդերքօգտագործման կամ բիզնես նպատակներով։ Կառավարությունը սովորաբար համապարտ կամ սուբսիդիար երաշխավորի դեր ունի գերակա շահ ճանաչված տարածքի սեփականատիրոջ և այդ տարածքում ներդրումներ անող ընկերության փոխհարաբերություններում, ինչը նշանակում է, որ պետությունը չի մասնակցում կողմերի միջև բանակցություններին, սեփականատիրոջ իրավունքների պաշտապանությանը՝ ասում է փաստաբան Արտակ Զեյնալյանը․
«Չի փոխվել վերաբերմունքը սեփականության իրավունքի վերաբերյալ, շարունակում ենք ապրել օրենքի գերակայությամբ, այնինչ ՀՀ սահմանադրությամբ՝ Հայաստանում գործում է իրավունքի գերակայությունը, մենք չենք ընկալում սեփականության իրավունքի էությունը, մասնավոր և հանրային բնույթը։ Մենք ընդամենը փորձում ենք դեկորացիան, գույները փոխել, բայց չեք անդրադառնում էությանը։ Այստեղ փոխհարաբերության մեջ պետք է մտնի պետությունը, եթե քաղքացիաիրավական հարաբերություն է, այո, պետությունը՝ որպես քաղաքացիաիրավական հարաբերության մասնակից, կարող է մարդուն առաջարկել գնել իր գույքը»։
2018-ին ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց «Օսմանյանն ու Ամիրաղյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով։ Բողոքը վերաբերում էր քաղաքացիների՝ Թեղուտում գտնվող հողամասերը պղնձամոլիբդենային հանքավայրին օտարելուն։ Այս վճիռն առանձնահատուկ էր նրանով, որ շեշտվում էր հանրային գերակա շահի գոտում գտնվող գույքի՝ ապրուստի միակ միջոցը լինելու դեպքում փոխհատուցման բարձր չափի անհրաժեշտությունը։
Կարեն Թումանյանն ասում է՝ մարդու եկամուտները գնահատող կառույց չունենք․ «ՄԻԵԴ-ն ասում է՝ պետք է գնահատվի միա՞կ եկամուտն է, թե՞ չէ։ Ինչպե՞ս պետք է գնահատվի և եթե պարզվեց, որ միակ եկամուտն է, ամբողջ հատուցումը պետք է տրամադրվի։ Մենք չունենք էն կառույցները, էն գնահատող մասնագետները, որ հնարավորություն ունեն դրանք գնահատելու, ցավոք սրտի»։
Թումանյանի խոսքով՝ դեռ քննարկման առարկա է հարցը, թե արդյոք բիզնեսը կարո՞ղ է համարվել հանրային գերակա շահ։ Այս ոլորտում դատական հարուստ պրակտիկա չձևավորելու մեղավորը նաև օրենքն է՝ ասում է։
«Դատարանները պարզեցված վարույթի շրջանակներում սեփականության իրավունք են դադարեցնում, քանի որ մեր դատավարությունը նման հնարավորություն տալիս է, որ դատարանը մեկ րոպե առաջ ազատվի էդ գործից»։
Մասնագետները օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն են տեսնում։ Կարծում են՝ դրանք առնվազն 5 ուղղություն պիտի ներառեն՝ գերակա հանրային շահի իրավական սահմանում, սեփականատիրոջ և գնորդի փոխհարաբերություններում կառավարության մասնակցության ավելի բարձր մակարդակ, արդարացի կամ համարժեք փոխհատուցում, գործընթացների թափանցիկություն կամ հաշվետվողականության բարձրացում։ Օրենսդարական առաջարկներն առաջիկայում կներկայացվեն կառավարությանը։