Այսօր խնայողությունների համաշխարհային օրն է
Հոկտեմբերի 31-ին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը: Հայաստանը խնայողությունների օրը սկսել է նշել 2012թ.-ից սկսած: Օրվա խորհրդով պայմանավորված՝ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամն այս տարի եւս կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ հյուրեր:
Ներկաներն ընդգծեցին մեր օրերում խնայողություններ կատարելու կարեւորությունը, դրանց արդյունավետ և գրագետ օգտագործման առավելությունները՝ հիշեցնելով, որ բարձր խնայողություն՝ նշանակում է բարձր տնտեսական աճ և բարձր սպառում ապագայում: Կարևորվեց հասարակության շրջանում ֆինանսական կրթության գրագիտության բարձրացման անհրաժեշտությունը, ինչը խնայողությունների ճիշտ կառավարման հարցում կարևոր բաղադրիչ է:
Հիմնադրամը տոնի շրջանակում հայտարարել էր նաեւ անհատական աշխատանքների մրցույթ հետևյալ թեմաներով՝ «Խնայողությունները թվային տեխնոլոգիաների արդի ժամանակաշրջանում», «Երիտասարդներն ու խնայողությունները» և «Խնայողությունները որպես անվտանգության բարձիկ, թե՞ հարստանալու միջոց»։
Հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանի խոսքով՝ մրցույթին ներկայացված աշխատանքներում մասնակիցները բավականին հետաքրքիր և ոգեւորիչ գաղափարներ էին առաջ քաշել: Ուսանողներին իրենց անհատական աշխատանքների միջոցով ներկայացրել էին խնայողություններ կատարելու իրենց փորձն ու սեփական օրինակով փորձել ոգեշնչել մյուս երիտասարդներին, հիշեցնելով, որ նույնիսկ փոքր խնայողություններով հնարավոր է հասնել ֆինանսական կայունության և մոտենալ նպատակների իրագործմանը:
Կարևորվել է նաև թվային տեխնոլոգիաների դարաշրջանում հասարակությանն ընձեռված հնարավորությունները: Անձնական օրինակով մրցույթի մասնակիցները ցույց են տվել, թե ինչպես են նորագույն գործիքների կիրառմամբ՝ առանց բանկեր ացելելու եւ հերթերում ժամանակ վատնելու, արդյունավետ խնայում և կառավարում անձնական միջոցները:
Միջոցառման ընթացքում ամփոփվեցին մրցույթի արդյունքները և հաղթողները հիմնադրամի կողմից արժանացան դրամական պարգեւների և խրախուսական մրցանակների։
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը նույնպես նվերներ էր պատրաստել մասնակիցների համար: Իսկ Հայաստանի բանկերի միությունը բոլոր մասնակիցներին հնարավորություն ընձեռեց մեկ տարվա ընթացքում անվճար մասնակցելու ՀԲՄ ուսումնական և որակավորման կենտրոնի կողմից անցկացվող 3 թեմատիկ դասընթացներին:
Խնայողությունների համաշխարհային օրն աշխարհում սկսել են նշել ուղիղ 100 տարի առաջ: Օրը սահմանվեց 1924 թվականի հոկտեմբերի 31-ին Իտալիայի Միլան քաղաքում Խնայբանկերի համաշխարհային ընկերության կազմակերպած Խնայբանկերի 1-ին միջազգային կոնգրեսի ժամանակ: Կոնգրեսի վերջին՝ երրորդ օրը, իտալացի պրոֆեսոր Ֆիլիպո Ռավիցան հայտարարել է «Խնայողության համաշխարհային օր»։
Խնայողությունների կոնգրեսի բանաձևերում որոշվել է, որ «Խնայողության համաշխարհային օրը» պետք է լինի ամբողջ աշխարհում խնայողությունների խթանման օր: